«Հանրային ծառայողները հայտնել են ՔՊ հավաքներին մասնակցելու ճնշման մասին, դուք դիմե՞լ եք իրավապահ մարմիններին և տվե՞լ եք հանցագործության մասին հաղորդում»․ թեժ քննարկում ԱԺ-ում

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ՀՀ Տոների եւ հիշատակների մասին օրենքում լրացում կատարելու նախագծին։

Վաչե Քալաշյան

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ ըստ այդմ՝ Հայաստանում հունիսի 23-ը կնշվի որպես Հանրային ծառայողի օր։

«Այս նախաձեռնությամբ մենք ոչ թե ուզում ենք առկա հանրային տարբեր ծառայությունները մատնանշող և կարևորող տոն օրերի շարքում ավելացնել ևս մեկ ծառայության օր, այլ ձգտում ենք, որպեսզի մենք հանրային ծառայության տարբեր տեսակների, մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ սահմանենք դրանց ընդհանուր առաքելությունը՝ անփոփոխ մի օր։ Այս օրը մենք պատահաբար չենք ընտրել։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 23-ը դեռևս 2002 թվականին սահմանվել է որպես հանրային ծառայողի օր, և ՄԱԿ-ի կողմից խրախուսվել ու հորդորվել է անդամ երկրներին, որպեսզի այս օրը կարևորեն հանրային ծառայողի դերակատարությունը պետական կառավարման, հանրային շահի սպասարկման և մյուս բոլոր այն առաքելությունների մեջ, որ հանրային ծառայողը ունի»,- ասաց Քալաշյանը։

Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնեցին հանրային ծառայողների՝ քաղաքականացված լինելու եւ իշխող ուժի կողմից նրանց վրա ճնշումների գործադրելու մասին։ Ինչպես նաեւ բացահայտեցին, որ Վաչե Քալաշյանը մասնակցել է ՔՊ հանրահավաքներին։

Էդգար Ղազարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց․ «Ձեր ընկալումներով, ձեր կարծիքով՝ հանրային ծառայությունը դա մասնագիտական ծառայությո՞ւն է, թե՞ քաղաքական գործունեություն։ Ի՞նչ եղանակով եք պատրաստվում այս օրը տոնել։ Այսինքն՝ եթե այդ օրը սահմանվի, ասենք ձեր պատկերացումներով դա ո՞նց պիտի նշվի, որովհետև մեր պրակտիկայում դեպքեր կան, որ, օրինակ, Գիտելիքի օրը նույնիսկ կրթության նախարարը ուղերձ չի հղում, այս տարի վարչապետը, հանրապետության նախագահը նույնիսկ ուղերձ չեն հղել։ Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրը, ուղերձներ չեն հղում, օգոստոսի 23-ին՝ Պետական խորհրդանիշների օրը նույնիսկ ուղերձներ չեն հղում։ Հաջորդ հարցը վերաբերում է 2025 թվականի նոյեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մի միջոցառման, որը կոչվում էր «Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողով»։ Ես ուզում եմ ձեզանից բացատրություններ լսել, թե դա ի՞նչ համաժողով է եղել, դուք ի՞նչ դեր եք ունեցել դա կազմակերպելու հարցում, որովհետև ոնց որ նայում եմ, դա ոչ աշխատանքային օր է եղել՝ շաբաթ օր։ Միակ ելույթ ունեցողը եղել է հանրապետության վարչապետը, որի ելույթի բովանդակությունը գրեթե չի տարբերվել նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ունեցած ելույթներից։ Այսինքն՝ տպավորություն ունեմ, որ այդ օրը պետական ծառայողներից սկսել է քարոզարշավը»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նաև հարց ուղղեց ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մասին։

«Այնտեղ մի արձանագրում կար ընտրությունների հետ կապված, որ պետծառայողները, համայնքային ծառայողները վարչական ներգործության են ենթարկվել, համակարգված կերպով մասնակցել են իշխող խմբակցության հանրահավաքներին։ Մամուլում էլ կան բազմաթիվ տեղեկություններ, որ պետծառայողները, քաղաքացիական ծառայողները պաշտոններից են ազատվել, նրանց նկատմամբ կարգապահական մոտեցում է եղել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ քաղծառայության համակարգը, իմ տպավորությամբ, շեղվել է իր հիմնական առաքելությունից և ենթարկվում է քաղաքական ճնշումների, ինչը որ սկզբունքային խնդիր է այդ համակարգի հետ կապված։ Վարչական ռեսուրս կիրառվե՞լ է»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Քալաշյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է պետական մարմինների աշխատողների համաժողովին, ապա պիտի ասեմ, որ դա շատ կարևոր միջոցառում էր, և դրա ամբողջ իմաստը հենց այն էր, ինչը որ ես իմ ելույթում որպես հիմնավորում ներկայացրեցի այս նախագիծը ձեր դատին հրամցնելիս։ Եվ կարծում եմ՝ եթե Ազգային ժողովը հաստատի այս օրը, ապա մյուս բոլոր տարիներին հենց հունիսի 23-ին կարող ենք ամփոփել այդ աշխատողների կամ պետական-հանրային ծառայողների դերն ու նշանակությունը պետության կայացման արդյունավետության մեջ»։

Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած ձևակերպումներին՝ Վաչե Քալաշյանն ասաց․ «Ես իմ ղեկավարած կառույցի տեսանկյունից ասեմ․ մեր կառույցը, աշխատողները՝ սկսած ղեկավարից, վերջացրած քաղծառայողներով, ոչ միայն որևէ ճնշման չեն ենթարկվել, այլ նույնիսկ հրավեր չեն ստացել որևէ միտինգի, որևէ ցույցի, որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու նախընտրական փուլում։ Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ միայն չեն ստացել, այլ ազատ կամքի արտահայտությամբ է եղել, որևէ քաղծառայող պարտադրված չի եղել մասնակցելու, այլ իր քաղաքացիական իրավունքների իրացման տեսանկյունից կամ մասնակցել է, կամ չի մասնակցել։ Ես զեկույցին ծանոթ չեմ, ճիշտն ասած, կարող եմ ընթերցել, բայց չեմ կարծում, թե զեկույցը փաստական հանգամանքների վրա է հիմնված»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցրեց․ «Պարոն Քալաշյանն իր խոսքում նշեց, որ ԵԽԽՎ զեկույցին ծանոթ չէ և ընդհանուր որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր և իր գործընկերների նկատմամբ որևիցե ճնշում չի իրականացվել, մինչդեռ, հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցի 32-րդ կետով վկայակոչված այն հանգամանքը, որ հանրային հատվածի աշխատակիցները հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքներին մասնակցելու պահանջի կամ ճնշման մասին, կուզենայի հարց ուղղել։ Հաշվի առնելով մամուլի հրապարակումները և ընդհանուր բավարար չափով հանրային դաշտում շրջանառվող տեղեկությունն առ այն, որ հանրային ծառայողների նկատմամբ ճնշում է գործադրվում, արդյոք դուք դիմե՞լ եք իրավապահ մարմիններին և տվե՞լ եք հանցագործության մասին հաղորդում նշված դեպքերի կապակցությամբ»։

Տիգրան Աբրահամյան

Քալաշյանն ի պատասխան ասաց․ «Ես արդեն ասացի՝ քաղաքացիական ծառայության համակարգում և այն կառույցում, որը ես եմ ղեկավարում, որևէ նման միջամտություն և որևէ ազդեցություն, ճնշում չի եղել։ Կրկնում եմ՝ քաղաքացիական ծառայողներն ազատ են եղել իրենց կամարտահայտությունը հայտնելու այս կամ այն միջոցառմանը մասնակցելու՝ ելնելով իրենց քաղաքացիական պարտականություններից կամ իրավունքներից»։

«Մի ճշտող հարց եմ ուզում տալ պարոն Քալաշյանին՝ պարոն Քալաշյան, ասացիք, որ ձեր նկատմամբ ճնշում չի գործադրվել, իսկ դուք ընդհանրապես կուսակցական եք, թե՞ ոչ, և արդյոք ընտրարշավի ժամանակ մասնակցե՞լ եք ՔՊ հավաքներին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Վաչե Քալաշյանն ասաց, որ իր կյանքում որևէ կուսակցության անդամ չի եղել: «Եվ պիտի ասեմ, որ այո, մասնակցել եմ, հատկապես ամփոփիչ հավաքին, որովհետև բացատրեմ ինչու։ Ես կարծում եմ, որ իշխանությանը հավակնող քաղաքական ուժի ուղերձները հետագայում դառնում են նաև կառավարության, հետևաբար նաև քաղաքացիական ծառայողների ու հանրային ծառայողների համար որակյալ որոշումներ նախագծելու և կայացված որոշումները իրացնելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հարցրեց․ «Կրկնում եմ պարոն Ղազարյանի հարցը՝ ոչ աշխատանքային օրով այդ համաժողովը ո՞ւմ կողմից է կազմակերպվել, իրականում ի՞նչ միջոցներով է կազմակերպվել, նպատակը իրականում ո՞րն է եղել։ Այդ հարցից խուսափեցիք, խնդրում եմ ուղիղ պատասխանել»։

Դավիթ Ղազինյան

«Այդ օրը մոբիլիզացվել են հանրային բոլոր ծառայողները, և նպատակը եղել է հենց այն, ինչը որ այսօր որպես օրենսդրական նախաձեռնություն ձեզ ներկայացվում է, այսինքն՝ մատնանշելու, ընդգծելու հանրային ծառայողի դերն ու նշանակությունը պետական կառավարման համակարգի արդյունավետության և հանրային շահի սպասարկման գործում։ Ինչ վերաբերում է, որ ասվեց՝ միայն վարչապետն է ելույթ ունեցել, ապա պիտի ասեմ, որ, ոչ, միայն վարչապետը չի ելույթ ունեցել, ելույթ են ունեցել տարբեր պաշտոնյաներ, ավելին՝ տեղի են ունեցել պանելային քննարկումներ»,- արձագանքեց Քալաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment