Բերտրանի մասնակցությամբ Փարիզում ներկայացվել է Արցախի մասին «Նամակներ դրախտից» գիրքը

Փարիզում տեղի է ունեցել արցախցի գրող Հերմինե Ավագյանի և ֆրանսիացի փիլիսոփա ու երաժիշտ Ուլիս Մանեսի համահեղինակությամբ գրված հայերեն-ֆրանսերեն երկլեզու «Նամակներ դրախտից» ժողովածուի շնորհանդես, որին ներկա էին Օ-դը-Ֆրանս տարածաշրջանի նախագահ Քսավիե Բերտրանը, Ֆրանսիայի սենատորներ և ֆրանսիական մտավորական շրջանակների ներկայացուցիչներ։

Ավագյանը պատմել է, որ գիրքը ծնվել է ֆրանսիացի համահեղինակի հետ նամակագրությունից։ Մանեսը նախկինում ծանոթ չէր Արցախին։ Նրա խոսքով՝ նամակների միջոցով ցանկացել է պատերազմի մասին խոսելուց բացի ներկայացնել Արցախի առօրյան՝ ընտանիքը, մանկությունը, մշակույթը, եկեղեցիներն ու հայրենի տան մասին հիշողությունները։

«Եկել եմ մի վայրից, որը չեմ կարող ցույց տալ աշխարհի քարտեզի վրա։ Ես եկել եմ Արցախից։ Այդ պատճառով իմ երկիրը բերել եմ նամակներով, հիշողություններով, բանաստեղծություններով։ Այն բերել եմ այս գրքում»,- ասել է գրողը։

Նրա խոսքով՝ նամակագրության ընթացքում Մանեսն սկսել է ավելի շատ տեղեկանալ Արցախի մասին, իսկ գիրքը վերածվել է «երկու մարդու, երկու մշակույթի և երկու աշխարհի միջև կամրջի»։

Իր ելույթում Ավագյանն անդրադարձել է նաև խաղաղության և վերադարձի թեմաներին։ Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող սահմանափակվել դիվանագիտական հայտարարություններով և պաշտոնյաների ձեռքսեղմումներով։

«Այն պետք է ունենա հասցե, տուն, վերադարձի ճանապարհ։ Իսկ այդ ճանապարհը չի կարող կառուցվել, քանի դեռ Բաքվի բանտերում շարունակում են պահել տասնյակ հայ գերիների»,- հայտարարել է նա։

Գրողը նաև նշել է, որ Արցախում ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը։ Նրա խոսքով՝ հին հայկական քրիստոնեական եկեղեցիներն ու խաչքարերը ենթարկվում են ոչնչացման, ինչը որակել է որպես պատմությունը ջնջելու փորձ։

Ավագյանի խոսքով՝ իր համար խաղաղությունը նշանակում է տուն վերադառնալու, հիշելու իրավունք և կյանքին կրկին վստահելու հնարավորություն։

«Երբ դեպի տուն տանող ճանապարհը փակ է, հաճախ մնում է միայն մեկ ճանապարհ՝ բառերի ճանապարհը։ Այդ ճանապարհը ոչ ոք չի կարող փակել կամ օկուպացնել»,- ասել է նա։

Armenia Today

Leave a comment