Հայկական խոհանոցի 70 բաղադրատոմս՝ ֆրանսիական Solar հրատարակչության նոր գրքում

Ֆրանսիայում լույս է տեսնում հայկական խոհարարական ավանդույթներին նվիրված նոր գիրք։ Solar հրատարակչությունը ներկայացրել է «La Cuisine des Arméniens. Recettes et histoires de la diaspora à travers le monde» («Հայերի խոհանոցը․ սփյուռքի բաղադրատոմսերն ու պատմությունները աշխարհի տարբեր ծայրերից») գիրքը, որի հեղինակներն են քույր և եղբայր Կորին ու Ռիշար Զարզավաջյանները։ Գրքի նախաբանը գրել է պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Պասկալ Օրին։

Հրատարակության մեջ ներառված են հայկական խոհանոցի 70 բաղադրատոմսեր, որոնք ուղեկցվում են ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ճապոնիայի և այլ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ընտանեկան պատմություններով։ Գիրքը մտահղացվել է որպես հայկական աշխարհի յուրօրինակ գաստրոնոմիական քարտեզ՝ ցույց տալու, թե ինչպես են ավանդական ուտեստները պահպանվում և հարմարվում տարբեր մշակույթներում՝ միաժամանակ մնալով ինքնության և ընտանեկան արժեքների խորհրդանիշ։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Մարսելի Parc Chanot ցուցահանդեսային կենտրոնում։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, գիրքը ներկայացվել էր Փարիզում անցկացված միջազգային գաստրոնոմիական փառատոնի հայկական տաղավարում։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Կորինն ու Ռիշար Զարզավաջյանները հրատարակել էին «Հայկական խոհանոց» գիրքը, որը հիմնված էր նրանց մոր հին տետրից վերցված բաղադրատոմսերի վրա։

Alpha News

Leave a comment