Զինղեկը՝ հավերժ երիտասարդ

«Ընդհանրապես Գևորգի մասին երկար կարելի է խոսել։ Նա պարտվող տեսակ չէր։ Նա սկզբունքային և մարտնչող տեսակ էր, ով կատարում էր իր պարտականությունները ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով»։ Քաշաթաղի շրջանի Ուռեկանի միջնակարգ դպրոցի զինղեկ Գևորգ Հրայրի Սիմոնյանի մասին է ասում շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի/ԿՄՍ/ բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը։

30-ամյա Գևորգը նահատակվեց 2020թ․ հոկտեմբերի 3-ին՝ հերոսաբար կռվելով թշնամու դեմ։ Երկար ժամանակ համարվում էր անhետ կորած, կար հույս՝ մի գուցե տուն կգա։

Ծնվել է 1990 թվականի մարտի 5-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Ծնողները Արենի գյուղից էին, տեղափոխվել էին Ջերմուկ, Գևորգը դեռ երեխա է եղել, որ մնացել է առանց ծնողների։ Կնոջ ասելով՝ շատ էր հպարտանում, որ ծնվել է սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։

Ավարտել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանը։ Ավարտելուց հետո՝ 2008-2010թթ․ ծառայել է Հայոց բանակի լեգենդար «Եղնիկներ» զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել հայրենասիրությամբ, պարտաճանաչությամբ, ստացել է շնորհակալագրեր, պատվոգրեր, զորացրվել լեյտենանտի կոչումով։ 2010թ․ բնակություն է հաստատել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում, որը գտնվում է Հակարի գետի ափին՝ Բերձորից մոտ 40կմ հարավ։ Գյուղն ունի պատմական անցյալ, հիշատակվում է Մովսես Դասխուրանցու մոտ։

Այս պատմական գյուղի դպրոցում էլ աշխատանքի անցավ որպես զինղեկ։ Խոսելով նվիրված զինղեկի մասին՝ Վ․ Մովսիսյանը նշեց․ «Գևորգը, ի թիվս Քաշաթաղի շրջանի հիսունից ավելի դպրոցական զինղեկների, գրավել էր աչքի ընկնող դիրք՝ իր ռազմագիտական բարձր տեսական գիտելիքների և գործնական պատրաստվածությամբ։ Երիտասարդ ուսուցիչն ուներ զինղեկին վայել կազմակերպչական ունակություն, պատշաճ պահանջկոտություն, զինվորական գործն իր աշակերտներին փոխանցելու մանկավարժական հմտություն։

Մեկ անգամ չէ, որ նրա աշակերտները միջդպրոցական միջոցառումների և առարկայական օլիմպիադաների ժամանակ զբաղեցրել են առաջատար տեղեր, ցուցաբերել գերազանց իմացություն՝ մասնակցելով անգամ հանրապետական մրցափուլին։

Ինքը՝ Գևորգը, ռազմաուսումնական հավաքների ժամանակ ցույց է տվել բարձր առաջադիմություն, արժանացել «Լավագույն զինղեկ» պատվոգրին, այլ գնահատանքների։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով»։ Այստեղ Ուռեկանում 2013թ ամուսնացել է մասնագիտությամբ բուժքույր Անուշ Շեգունցի հետ, ով Ուռեկանի գյուղական բուժկետի բուժքույր էր: Ունեն 2 երեխա՝ Նարեկ և Ամալյա։

2010-2015թթ․ ուսանել և ավարտել է Արցախի պետական համալսարանի Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը։ 2016թ․ առաջին կամավորականներից էր, որ մասնակից եղավ ապրիլյան կռիվներին։ Մշտապես մասնակցում էր ուսումնական զորահավաքներին։ Արցախյան վերջին պատերազմի սկսվելուց առաջ ընտանիքով Երևանում էին եղել։  «Սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ զանգահարեցին ու ասացին՝ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Գևորգը մեզ էլ իր հետ տարավ Արցախ։ Ճանապարհին շատ հուզված էի, մեծ տագնապ կար սրտումս։ Ինքը, հակառակի պես, շատ ուրախ էր։ Անընդհատ կրկնում էր՝ գնալու է տղերքի կողքին լինի։ Պիտի բոլորով պայքարենք թշնամու դեմ»,-գրում է Անուշը։

Պատերազմն սկսվելու օրը՝ առավոտ շուտ արդեն մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի մոտ։  Գործել սկսեց Քաղպաշտպանության շտաբը։ Շատ կամավորներ էին գալիս՝ առաջնագիծ մեկնելու համար։ Այսպես շարունակվեց օրեր շարունակ։ Սեպտեմբերի 28-ին Գևորգն էլ, որպես պահեստազորային, մեկնեց առաջնագիծ։ Ընկերները պատմում են՝ ինչպես էր բոլորին ոգևորում ու հորդորում ՝ չընկճվեն, իրենք հաղթանակած են վերադառնալու։ Սակայն եղավ այն, ինչ ունենք։ Քաջաբար կռվում էին տղերքն առաջնագծում, թիկունքն աշխատում էր, որ զինվորը կարիք չունենա։ Հենց առաջին օրերից ստանում էինք քաշաթաղցի տղաների նահատակության, վիրավորվելու, անհետ կորելու մասին լուրեր։ Բայց կար հույս՝ հաղթելու ենք։ Իրենց պարտականությունը բարձր էին կատարում բուժաշխատողները շրջանային հիվանդանոցում, գյուղերում։

Ջաբրայիլի տարածքում մարտնչող ամուսնու վերադարձին սպասելով՝ Ուռեկանի բնակչությանը բուժօգնություն էր ցուցաբերում նաև Անուշը՝ պատերազմի առաջին իսկ օրից իր բժշկական հմտությունները գործի դնելով։ Երեխաների հետ ապրել է Ուռեկանում, օգնել մարդկանց՝ ինչով կարողացել է: «Պարտավորվածություն ունեի օգնելու գյուղում ապրողներին, դա իմ մասնագիտությունն ու պարտքն է, -ասում է Անուշը և շարունակում, -գյուղը լքեցինք հոկտեմբերի 17-ին, երբ սկսեցին կրակել մեր գյուղի ուղղությամբ։ Ամուսնուս եղբայրն օգնեց, եկանք Ջերմուկ, տուն վարձեցինք ու մինչ օրս վարձով ենք ապրում այնտեղ»։

Շարունակելով խոսել Գևորգի մասին՝ ասում է․ «Ընտանիքին նվիրված մարդ, լավ հայր, լավ ամուսին, ումից շատ ու շատ բան եմ սովորել և ամբողջ կյանքում կուղղորդվեմ, և մեր երեխաներն էլ կմեծանան նույն հայրենասիրությամբ, նույն հպարտությամբ։ Մի վայրկյան առանց ինձ ու երեխեքի կյանք չի ունեցել։ Շատ ենք կարոտում Գևորգին, առանց նրա շատ դժվար է։ Չի լինում համակերպվել այս մեծ ցավի հետ… Մարտի ժամանակ վիրավորում է ստացել, բայց շարունակել է կռվել»։ Ընկերները պատմել են․ ասում էր․ «Դուխով կլինեք, չհանձնվեք։ Մինչև վերջ պիտի գնանք։ Պատերազմ է՝ չենք իմանա՝ ինչ կլինի, բոլորդ մի թղթի վրա ձեր անուն, ազգանունը, տարեթիվը գրեք, դրեք ձեր գրպանում»։

Կռվի թեժ պահերին էլ տղերքին խորհուրդներ է տվել  մարտավարության մասին։ Արցախի հարավային սահմանում մարտերն առավել թեժ ընթացք ունեցան հոկտեմբերի սկզբներից։ Հոկտեմբերի 3-ի լուսաբացին ծանր մարտերի ժամանակ վիրավորվել է և ճակատագիրն անհայտ էր։ Ապրիլի 9-ին գենետիկայով հայտնաբերվել է, ապրիլի 15-ին հուղարկավորվել է Արենի գյուղի գերեզմանոցում։

Հերոս զինղեկի մասին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՄՍ բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը գրում է․ «Գևորգ Սիմոնյանն ազատագրված և այժմ թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի երիտասարդ և անգերազանցելի զինղեկն էր։ Չափազանց հայրենասեր էր և սեփական օրինակով էր դաստիարակում մատաղ սերնդին։ Դպրոց ընդունվել էր աշխատելու 22 տարեկանում։ Պատասխանատու և նպատակասլաց զինղեկին հաջողվում էր իր առջև դրված ցանկացած խնդիր լուծել։ Օլիմպիադաներում բազում մրցանակներ ստացած աշակերտները վառ ապացույցն են նրա նվիրված մանկավարժ լինելուն։ Երիտասարդ, սրտացավ և խստապահանջ զինղեկին սիրում էին իր բոլոր աշակերտները։ Հավատարիմ մնալով զինղեկի և մանկավարժի կոչմանը՝ նա առաջիններից մեկն էր, որ մեկնեց առաջնագիծ։ Զոհվեց հանուն այն գաղափարների, որով տարիներ շարունակ դաստիարակել էր իր աշակերտների։ Հանուն հայրենիքի և հայ ազգի հարատևման և վերածննդի»։

Արցախյան վերջին պատերազմում միայն Ուռեկան գյուղից զոհվեցին 4 քաջորդի՝ Գևորգը, Վարդան Վաչիկի Առաքելյանը/40 տարեկան/, եղբայրներ Սամվել/32 տարեկան/ և Սեյրան/37 տարեկան/ Սուրիկի Միքայելյանները։ Մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեին Ուռեկանի կայացման գործում ու ընկան նույն բնաշխարհի պաշտպանության համար։ Ցավ է՝ 1993թ․ ազատագրված հայոց պատմական գյուղը մնաց թուրքին, ու մեր սերունդներին ծանր ժառանգություն ենք թողնելու։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment