Ֆրանսիացի 25 հայտնի քաղաքական գործիչներ պահանջում են Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը

Ֆրանսիայի քաղաքական դաշտի 25 ազդեցիկ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գաբրիել Ատալը, Էդուար Ֆիլիպը, Բրյունո Ռետայոն, Մարին Տոնդելիեն, Վալերի Պեկրեսն ու այլ հայտնի գործիչներ, Le Figaro պարբերականում բաց նամակ են հրապարակել՝ պահանջելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ու անպայման ազատ արձակումը։

Քաղաքական գործիչները նշում են, որ 2023 թվականին Արցախում իրականացված էթնիկ զտումներից և բռնի տեղահանությունից հետո Բաքվում ապօրինի ազատազրկման մեջ են գտնվում տասնյակ հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմապոլիտիկական ղեկավարությունը։ Բաքվի շինծու դատավճիռներով Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և այլ գործիչների սպառնում են ընդհուպ ցմահ ազատազրկումներ։

Նամակի հեղինակներն ահազանգում են, որ Բաքուն հայ գերիներին օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք և պատանդ՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար։ Նրանք ընդգծում են, որ առանց արդարության, ազատության և մարդկային արժանապատվության հարգման Կովկասում կայուն խաղաղություն հաստատվել չի կարող։ Ֆրանսիացի գործիչները միանում են Եվրոպական խորհրդարանի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և միջազգային կառույցների կոչերին՝ պահանջելով վերջ տալ Բաքվի ապօրինություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment