G7-ի առաջնորդների հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրները համաձայնության են եկել չորս ամսվա ընթացքում Միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ պահուստներից մինչև 100 միլիոն բարել նավթ և նավթամթերք հանել շուկա:
Մեծ Բրիտանիան հանդիպմանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը։ Նրա խոսքով՝ ձեռնարկվող միջոցները հնարավորություն կտան կայունացնել էներգակիրների մատակարարումները, բարձրացնել մատակարարման շղթաների դիմակայունությունը և տնային տնտեսություններին ու ձեռնարկություններին պաշտպանել գնային կտրուկ տատանումներից, հայտնում է BBC-ն:
Մակրոնը նշել է, որ համաձայնեցված գործողությունները կնպաստեն նավթամթերքի, հատկապես դիզելային վառելիքի գների նվազմանը։ Անդրադառնալով արտահանման արգելքներ չսահմանելու պայմանավորվածությանը՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ հարցում հստակ դիրքորոշում է հայտնել։
G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ պարտավորություններն իրականացվելու են ՄԷԳ-ի միջոցով համակարգված կերպով 100 միլիոն բարել պաշարների ազատմամբ։ Գործընթացը սկսվելու է անմիջապես և տևելու է չորս ամիս։ G7-ի երկրներն ու գործընկերները նախատեսում են նաև առաջին 20 օրվա ընթացքում շուկա դուրս բերել դիզելային վառելիքի զգալի նախնական ծավալ։
Դեռևս հստակ չէ, թե հատկապես որ գործընկեր երկրներն են օգտագործելու իրենց պահուստները և ինչ արագությամբ է իրականացվելու գործընթացը։
G7-ի կազմում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։ Խմբի հանդիպումներին ներկայացված է նաև Եվրոպական միությունը։
Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ կարգելի ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանումը, եթե եվրոպական երկրները չհամաձայնեն սեփական պահուստների ավելի մեծ ծավալ դուրս բերել շուկա։ Նման քայլը կարող էր նվազեցնել ամերիկացի սպառողների համար գնային ճնշումը նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից առաջ, սակայն միաժամանակ բարձրացնել գներն այլ երկրներում։
Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ Եվրոպան համաձայնել է ազատել դիզելային վառելիքի իր զգալի պաշարների մեծ ծավալ, և գործընթացը սկսվելու է անմիջապես։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ գների կտրուկ աճի պայմաններում ամերիկացի ֆերմերները, բեռնատարների վարորդներն ու ձեռնարկությունները չպետք է շարունակեն կրել այդ բեռը։
Ավելի ուշ Սպիտակ տանը ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ դիզելային վառելիքի արտահանման արգելքն իրականում երբեք լրջորեն չի քննարկվել։ Անդրադառնալով G7-ի որոշմանը՝ նա դրական է գնահատել Եվրոպայի քայլը։
Թրամփի խոսքով՝ Եվրոպան դիզելային վառելիքի մեծ պաշարներ ունի և պատրաստվում է զգալի ներդրում ունենալ համաշխարհային մատակարարումների ապահովման գործում, ինչպես և ԱՄՆ-ն։ Նա նաև հայտնել է, որ արտահանման արգելք չի սահմանվելու։
Թրամփը դիզելային վառելիքի արտահանման արգելքին աջակցելու մասին առաջին անգամ հայտարարել էր նախորդ շաբաթվա սկզբին։ Դեռ ոկտեմբերի 1-ին նա շարունակում էր դիտարկել այդ հնարավորությունը, մինչդեռ նրա վարչակազմը ճնշում է գործադրել Եվրոպայի վրա՝ կոչ անելով օգտագործել սեփական պաշարները։
Դիզելային վառելիքը լայնորեն կիրառվում է բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում, ուստի դրա թանկացումը վերջնական հաշվով հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների բարձրացման։ Նախատեսված 100 միլիոն բարելը կազմված է լինելու դիզելային վառելիքից և հում նավթից։
Համաշխարհային գնանշումների չափանիշ համարվող Brent տեսակի նավթի գինը կարճ ժամանակով նվազել է մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր, սակայն հոկտեմբերի 2-ի երեկոյան վերադարձել է մոտ 102 դոլարի մակարդակին։ Մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի ներխուժումն Իրան՝ նավթի մեկ բարելի գինը կազմել է մոտ 73 դոլար։
Kpler ընկերության հումքային շուկաների հետազոտությունների տնօրեն Մեթ Սմիթը հայտնել է, որ նավթի գները կրկին աճել են Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև վերսկսված հարվածների պատճառով։
Նրա խոսքով՝ Եվրոպայում ռազմավարական պահուստների ազատման մասին հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են, սակայն հետագայում կրկին բարձրացել՝ Եմենում Սաուդյան Արաբիայի հնարավոր ռազմական գործողության մասին տեղեկությունների ֆոնին։ Նշվել է, որ դրա նպատակը Բաբ էլ Մանդեբով անվտանգ երթուղու վերականգնումը կարող է լինել։
Եվրոպական երկրները դեմ են արտահայտվել ամերիկյան դիզելային վառելիքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքին։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանից և Չինաստանից մատակարարումների կրճատման պայմաններում։
G7-ի առաջնորդները պայմանավորվել են նաև համակարգել նավթավերամշակման գործարանների տեխնիկական սպասարկման ժամանակացույցերը՝ միաժամանակ մի քանի գործարանների փակումը կանխելու համար։ Համապատասխան հնարավորություններ ունեցող երկրներին կոչ է արվելու մեծացնել նավթի վերամշակման ծավալները՝ հատկապես դիզելային վառելիքի արտադրության նպատակով։
Ամերիկյան դիզելային վառելիքի արտահանման արգելքից հրաժարումը զգալիորեն թեթևացրել է իրավիճակն այդ վառելիքի ներմուծումից կախված երկրների համար, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, որտեղ ուրբաթ ավտոլցակայաններում գներն առաջին անգամ գերազանցել են մեկ լիտրի դիմաց 2 ֆունտը։
Մեծ Բրիտանիայում սպառվող դիզելային վառելիքի ավելի քան կեսը ներմուծվում է, իսկ այդ ներմուծման 31 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։
ԱՄՆ-ն համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի առաջատար մատակարարներից է։ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ երկրի նավթավերամշակման գործարաններն օրական արտադրում են մոտ 4-5 միլիոն բարել դիզելային վառելիք։
Ամերիկացիներն այդ ծավալից օրական սպառում են մոտ 3․6 միլիոն բարել։ Մնացած 1․2-1․5 միլիոն բարելն ամեն օր արտահանվում է նավթավերամշակող ընկերությունների կողմից, ինչի շնորհիվ ԱՄՆ-ը կարևոր դեր ունի համաշխարհային շուկայում։
Դիզելային վառելիքի միջազգային մատակարարումները զգալիորեն սահմանափակվել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով, որը խաթարել է ինչպես հում նավթի, այնպես էլ վերամշակված դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկաներ։
Ռուսաստանը, որը նույնպես խոշոր արտադրող է, Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա իրականացված հարձակումներից հետո արգելել է դիզելային վառելիքի արտահանումը՝ ավելի սահմանափակելով առաջարկը։ G7-ի առաջնորդները միաժամանակ ընդգծել են, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում պահպանելու են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Դիզելային վառելիքի արտադրությունն ավելի բարդ է, քան բենզինինը, իսկ բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում դրա լայն կիրառման պատճառով պահանջարկի էական կրճատումը դժվար է համարվում։