Փաշինյանի քաղաքականության հետևանքն այն է, որ Հայաստանը դառնում է шդրբեջшնցիների համար nրսшտեղի. Վրթանեսյան

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզի Շաքի գյուղում  երեք երեխաների ու նրանց մոր վրա զինված հարձակումից հետո բազմաթիվ հարցեր են առաջ եկել  հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանվածության, Հայաստանի ու դրա բնակիչների անվտանգության վերաբերյալ։

 Panorama.am-ի հետ զրույցում անվտանգային հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն ուշադրություն հրավիրեց այս միջադեպի ֆոնին երևան եկած մի շարք կարևոր համակարգային խնդիրների վրա։

Դժվար է հստակ ասել՝ ադրբեջանցի զինվորն իսկապես մոլորված դասալի՞ք է եղել, թե՞ դիվերսանտ, որը հատուկ է ներթափանցել Հայաստանի Հանրապետություն, բայց հստակ է, որ Հայաստանի իշխանությունները թերացել են այս իրավիճակը կառավարելու հարցում։«Հայաստանի իշխանությունների առաջին քայլը կատարվածը թաքցնելու փորձն էր, ինչը չստացվեց, քանի որ լրագրողներն աղմուկ բարձրացրին, ինչի համար շնորհակալ եմ։ Հետո պետական մարմինները փորձեցին մեղմել կատարվածը՝ այն ներկայացնելով որպես ոչ շատ լուրջ և առանց լուրջ հետևանքների միջադեպ։ Ավելի ուշ պարզվեց, որ կին է վիրավորվել, իսկ երեկ արդեն պարզվում է, որ ադրբեջանցին փաստացի մտել է տուն, երեխաներին պատանդ վերցրել, փորձել է կրակել երեխաներից մեկի, ապա՝ կնոջ վրա, և այդ կինն այժմ ծանր վիճակում է։ Իսկ մեզ համոզում էին, թե ոչ մի վտանգ չկա»,-ընդգծեց փորձագետը։

Հայաստանի իշխանությունները, ըստ էության, շարունակելու են մեղմել այս իրավիճակն ու դրա լուրջ ազդեցությունը, չի բացառվում, որ ադրբեջանցի զինվոր չպատժվի։ Ըստ փորձագետի՝ նա կարող է արտահանձնվել Ադրբեջան, մինչդեռ ՀՀ քաղաքացիները շարունակելու են մնալ առանց անվտանգության որևէ երաշխիքի։Հիմնական բացթողումն ու խնդիրը, ըստ Վրթանեսյանի, ադրբեջանցու՝  սահմանը հատելու մասին բնակչությանը տեղյակ չպահելն ու տեղեկատվություն չտրամադրելն է, ինչը կարող էր կանխել այդ  դեպքն ու զգոն պահել համայնքի բնակիչներին։ Փաստացի, ռեսուրսները ծախսվել են ոչ թե վտանգը չեզոքացնելու և տվյալ զինվորին վնասազերծելու, այլ այդ փաստը թաքցնելու վրա։

Շաքիի ջրվեժը, որը գտնվում է Շաքի գյուղի հարևանությամբ, Սյունիքի մարզի ամենատեսարժան վայրերից է,  վտանգը կարող էր սպառնալ նաև օտարերկրացի կամ տեղացի զբոսաշրջիկներին։«Սա խայտառակ գործելաոճ է, որտեղ իշխանության գլխավոր խնդիրը ոչ թե անվտանգություն ապահովելն է, այլ թեման կոծկելը, փակելն ու այնպես անելը, որ մարդիկ չիմանան դրա մասին»,-ընդգծեց Վրթանեսյանը։

Նման դեպք, երբ ադրբեջանցի զինծառայողը սպանել է ՀՀ քաղաքացու Հայաստանի տարածքում, եղել է 2023 թվականին։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանվել էր ընկերության պահակը՝ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Սպանությունն իրականացրել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հուսեյն Ախունդովը, որը մեկ այլ զինծառայողի հետ ապրիլի սկզբին ապօրինի հատել էր ադրբեջանա-հայկական սահմանը և թափանցել Հայաստանի տարածք:Այդ դեպքում երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվել էին 32 հայ գերիների հետ, սակայն, ինչպես նկատեց փորձագետը, դա կրկին տեղի է ունեցել հանրության համար փակ դռների հետևում։

Անգամ եթե Ադրբեջանն այս պահին որևէ միտումնավոր գործողության չդիմի, միևնույն է, նրանք հող են պատրաստում նման պահվածքը խրախուսելու համար՝ սա ներքին լսարանին ներկայացնելով որպես «հերոսական քայլ»։

«Ի՞նչ ուղերձ են ստանում ադրբեջանցիներն իշխանությունների քայլերից․ իրենք տեսնում են, որ ինչ էլ անեն՝ անպատիժ են մնալու։ Քանի որ Ադրբեջանում շարունակվում է ատելության քարոզը հայերի նկատմամբ, դա նշանակում է, որ ցանկացած ադրբեջանցի «իգիթ», որը որոշի աչքի ընկնել, կարող է գալ, մտնել Հայաստան, որևէ մեկին սպանել, վիրավորել, առևանգել ու անպատիժ վերադառնալ։ Իրենց համար հայերը դառնում են թույլատրելի որս, թիրախ․ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականության հետևանքն այն է, որ Հայաստանը դառնում է որսատեղի»,-ասաց Վրթանեսյանը։

Leave a comment