«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի անվտանգային հայեցակարգին, 2020 թվականի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դրվագներից մեկին, նոր Սահմանադրության նախագծին, դրա մշակման գործընթացում դատական համակարգի ներգրավվածությանը և խորհրդարանական ընդդիմության հետ հարաբերություններին։

Անդրադառնալով այն թեզին, թե Հայաստանը տարածաշրջանում չի կարող գոյատևել առանց արտաքին երաշխավորի, վարչապետը նշել է, որ չի կիսում այդ մոտեցումը։ Նրա խոսքով՝ հայրենասիրության նման մոդելը ենթադրում է, որ երկիրը չի կարող ինքնուրույն ապրել առանց արտաքին օգնության։ Փաշինյանը զուգահեռ է անցկացրել սեփական տանն ապրելու հետ՝ ընդգծելով․

«Եթե ես իմ տանը առանց ձեր օգնության չեմ կարող ապրել, ուրեմն ես չեմ կարող ապրել իմ տանը»։

Ղազարյանի դիտարկմանը, թե հնարավոր է ապրել երաշխավորի տված թույլտվություններով, վարչապետը հակադարձել է, որ Հայաստանն արդեն ունեցել է այդպիսի երաշխավոր։

Խոսելով նոր Սահմանադրության ընդունման գործընթացի մասին՝ վարչապետը ներկայացրել է Կառավարության առաջիկա ծրագրերը։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին հրապարակված առաջին նախագծի վրա հանգիստ ու լուրջ աշխատանք է տարվելու՝ տեքստը հասունության ավելի բարձր աստիճանի բերելու, Կառավարությունում ընդունելու և Ազգային ժողով ուղարկելու համար։

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե չեն տալու հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ վեց ձայնը, Փաշինյանը նշել է, որ պատրաստ է լսել և քննարկել ընդդիմության առաջարկները, սակայն կա սկզբունքային սահմանափակում։ Նրա խոսքով՝ չի կարելի կրկնել 1990 թվականի Անկախության հռչակագրի փորձը, երբ տարբեր առաջարկների ներառումը հանգեցրել է ներքին հակասությունների։

«Նախագիծն ունի կարմիր գծեր, որը չի կարող հատել, և այդ կարմիր գիծը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Ցանկացած առաջարկ, որը կհակասի Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, չի ընդունվելու»,- ընդգծել է վարչապետը։

Նա համոզմունք է հայտնել, որ հանրությունը պետք է ընկալի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ դարձել է «խաղաղության վերջին խոչընդոտը», և այդ դիրքորոշումը պետք է փոխվի հանրային ճնշման ներքո։

Պետրոս Ղազարյանը վարչապետի ուշադրությունը հրավիրել է Դատավորների միության հայտարարության վրա, ըստ որի՝ դատական իշխանությունն ու մասնագիտական հանրույթը ներկայացված չեն եղել սահմանադրական նախագծի մշակման և քննարկման գործընթացում։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ դրանում որևէ տարօրինակ բան չկա, քանի որ արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինն Արդարադատության նախարարությունն է, իսկ դատավորներն ու դատական համակարգն օրենսդրությամբ քաղաքականություն մշակելու լիազորություն չունեն։

Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի և տարբեր ինստիտուցիոնալ մեխանիզմների միջոցով դատական համակարգի բոլոր խնդիրները կենտրոնանում են Արդարադատության նախարարությունում, իսկ դատական համակարգի ներկայացուցիչները ներգրավված են բոլոր համապատասխան խորհուրդներում, ինչպես նաև օրենսդրական և բյուջետային քննարկումներում։ Վարչապետը նաև հաստատել է, որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ ևս քննարկումներ են անցկացվելու։

Պատասխանելով հարցին, թե ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե ամիսներ տևող քննարկումներից հետո ընդդիմությունը կրկին հրաժարվի քվեարկել հանրաքվեի օգտին, Փաշինյանը հիշեցրել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, երբ խորհրդարանական մեծամասնությունը սկզբում մերժում էր իր թեկնածությունը, սակայն հանրային ճնշման ներքո քվեարկեց դրա օգտին։

Վարչապետի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակն ավելի կարևոր է, քանի որ խոսքը վերաբերում է պետության՝ հարյուրամյակների և հազարամյակների ճակատագրին։ Նա հայտարարել է, որ իր ամբողջ քաղաքական, բարոյական և մարդկային կապիտալը դնելու է այս հարցի մեջ՝ հանրային ճնշում ձևավորելու և ընդդիմությանը հանրաքվեի անցկացման օգտին քվեարկելուն մղելու համար։

Այնուամենայնիվ, եթե ընդդիմությունը հավատարիմ մնա իր դիրքորոշմանը և չքվեարկի հանրաքվեի օգտին, վարչապետի խոսքով՝ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների։

«Ես հրաժարական եմ տալու այդ պարագայում, բայց ոչ թե հեռանալու»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment