Երբ երիտասարդը ստիպված է ինքնուրույն կողմնորոշվել անորոշ միջավայրում

ՀՀ երիտասարդական քաղաքականության մասին օրենքը սահմանում է. «Երիտասարդ՝ 13-ից մինչեւ 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձ»։ 1996 թ. սկսած՝ ՀՀ բնակչությունը ունի նվազման միտում. 1996 թ. մշտական բնակչությունը կազմել է 3,248,800, իսկ 2025 թ.՝ 3,076,200 մարդ: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թ., նվազման միտումն ավելի է զգացվել, ընդ որում, նվազման միտումը նկատվում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակչության շրջանում։ ՀՀ բնակչության ծերացման գործակիցը 119-ով աճի միտում ունի. 2011 թ. այն կազմել է 73.2%, 2020 թ.՝ 90%, 2024 թ.՝ 132.3%։ Երիտասարդների խնամառության գործակիցը 120-ով եւս աճի միտում ունի. 2019 թ. այն կազմել է 33.6%, 2020 թ.՝ 33.8, իսկ 2024 թ.՝ 33.5%։

Օրերս կարդացի Մարինա Գալստյանի  «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը (ԵՊՀ Հրատ. 2026), որը  ժամանակակից հայ երիտասարդության սոցիալական իրականության բազմակողմանի վերլուծություն էր,  հիմնված քանակական և որակական հետազոտական տվյալների վրա։

Գիրքը երեք մասից է՝  «Եիտասարդության հայեցակարգի զարգացումները», «Հայաստանի երիտասադների ինքնության ձևավորման առանձնահատկությունները», «Հայաստանի երիտասադները բազմաճգնաժամի պայմաններում» և 10 գլուխներից։

Ըստ հեղինակի՝ երիտասարդի վերաբերյալ ընկալումներում գերիշխում են հետևյալ նկարագրությունները. երիտասարդն այն մարդն է, ով պատասխանատու է իր որոշումների համար (31%), ով լի է ուժով և էներգիայով (23%), ով ունի երազանքներ և նպատակներ, որոնք փորձում է իրագործել (20%),  ով անկախ է և փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել (19%),  ով բաց է նոր գաղափարների և փոփոխությունների համար (18%):

Աշխատության վերլուծական հիմքը երիտասարդության սոցիոլոգիայի տեսական մոտեցումների և էմպիրիկ տվյալների համադրումն է՝ ներառելով երիտասարդների ժողովրդագրական, կրթական, տնտեսական, քաղաքացիական, առողջապահական և մշակութային բնութագրեր։ Առանձին ուշադրություն է դարձվում պատերազմի, ներառյալ տեղահանության ազդեցությանը երիտասարդների փորձառությունների վրա։ Ըստ հեղինակի՝ աշխատանքը հենվում է երեք փոխկապակցված դրույթների վրա։

  1. Անհատների կենսափուլային անցումները ձևավորվում են ոչ միայն տարիքային տրամաբանությամբ, այլև պատմական իրադարձություններով և սոցիալական ինստիտուտների գործառմամբ։ Պատերազմը, որպես «կենսագրական խափանում» (biographical disruption), կարող է արմատապես վերաձևավորել անհատի, հատկապես երիտասարդի կյանքի ընթացքը։
  2. Ռիսկի հասարակության և արդիականության տեսությունների համաձայն՝ ժամանակակից հասարակություններում անորոշությունը նորմալացվում է, սոցիալական երաշխիքները թուլանում են, և կենսագրությունները անհատականացվում են։ Հետպատերազմյան պայմաններում այս գործընթացները դառնում են կառուցվածքային։
  3. Երիտասարդները մանկության կախվածությունից դեպի սոցիալական, տնտեսական և քաղաքացիական անկախության ձեռքբերման անցումային փուլում գտնվող խումբ են, ընդ որում, երիտասարդների անկախությունը դիտարկվում է ոչ թե որպես միաչափ և ավարտուն վիճակ, այլ որպես բազմաչափ և շարունակական գործընթաց։ Երիտասարդների կյանքի փուլերի և անկախացման գործընթացի սոցիոլոգիական իմաստավորումը պահանջում է կենտրոնացում երիտասարդների ինքնության ձևավորման և կենսափուլային անցումների՝ կրթության, զբաղվածության, ինքնուրույնության, քաղաքական և քաղաքացիական մասնակցության և ճգնաժամային պայմաններում երիտասարդների անկախացման հիմնական ցուցանիշների վրա։

Հեղինակը նշում է. «Կարևոր է անդրադառնալ նաև համեմատվելուն, ինչը երիտասարդները դիտարկում են մի կողմից՝ հնարավորություն սեփական ուղին կառուցելու, նպատակներ սահմանելու, իսկ մյուս կողմից՝ որպես անընդհատ լարվածության մեջ գտնվելու պատճառ», «Հայաստանում երիտասարդ լինել էդ նշանակում է միշտ համեմատվել սինոմ մամինոյ պադրուգի /ռուսերենից թարգմանաբար՝ «մայրիկի ընկերուհու որդի». թարգմանությունը հեղինակի/. էդ եկել է Սովետի ժամանակվանից, հա որ ինքը էս մի բանը լավ է անում, դու էլ կամ ինչի՞ է իրա մոտ ստացվում ու քո մոտ չի ստացվում, ու էդի շատ է խանգարում»։

Հայաստանի երիտասարդները ընդգծում են ինքնուրույն լինելու, սեփական անձի համար պատասխանատու լինելու փորձառությունը որպես երիտասարդության սկիզբ, ընդ որում՝ նման փորձառություններ ձեռք բերելու ճանապարհ են նշում մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելը, հատկապես բնակության համայնքից դուրս, ծնողներից առանձին ապրելը, բանակում ծառայության անցնելը, ծնող դառնալը, քաղաքացիական ակտիվությունը, այդ թվում՝ կամավորությունը, ցույցերի մասնակցելը։ Ընդ որում, այս իրադարձությունները ընկալվում են ոչ թե պարզապես որպես կենսափուլային անցումներ, այլ որպես ներքին վերակազմակերպման պահեր, երբ երիտասարդը ստիպված է ինքնուրույն կողմնորոշվել անորոշ միջավայրում։

Գրքում մտահոգիչ տեղեկություններ կան նաև։ Առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները, առավել սուր է արտահայտված Արցախից տեղահանված, 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդների շրջանում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում շուրջ 11 000 անձ վիրավորում է ստացել։ Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները ոչ միշտ են կարողանում օգտվել առողջապահական ծառայություններից, զուգահեռաբար չեն կարողանում վերադառնալ իրենց նախկին զբաղվածությանը, ինչը հանգեցնում է բազմակի խոցելիության։ Վերականգնողական ծառայությունները ոչ միշտ են հասցեագրում նման ծառայությունների կարիք ունեցող երիտասարդների կարիքների ողջ ծավալը։ Մտահոգիչ է նաև ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը երիտասարդների շրջանում։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թ. կտրուկ աճել է 18-29 տարիքային խմբում ինքնասպանության փորձերի թիվը. 2022 թ. այն կազմել է 89, իսկ 2024 թ.՝ 162, որից 102-ը՝ տղաներ, 60-ը՝ աղջիկներ։ Ինքնասպանությունների թիվը այս տարիքային խմբում նվազել է՝ 2022 թ.՝ 37, իսկ 2024 թ.՝ 18211։ Ինքնասպանության փորձերի թիվը աճել է նաև տարիքային մյուս խմբերում. առավել մեծ թվով ինքնասպանության փորձերը, ըստ պաշտոնական վիճակագրության, կայուն բարձր են 30-65 տղամարդկանց շրջանում. 2024 թ.՝ 287։ Նման մտահոգիչ վիճակագրությունը կարիք ունի խորքային վերլուծության և պատճառների բացահայտման։

Հետազոտության հեղինակներն անդրադառնում են երիտասադների բնակարանային պայմաններին և անկախ ապրելու հնարավորություններին, միգրացիոն տրամադրություններին, ընկերային հարաբերություններին, կենսակերպին, բարեկեցության, թվային միջավայրում գտնվելու խնդիրներին։

Գիրքը նպատակ ունի նպաստելու Հայաստանում երիտասարդության հիմնախնդիրների գիտական ըմբռնմանը և երիտասարդական քաղաքականությունների մշակմանը։ Մենագրությունը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։ Մենագրությունը նպատակ ունի համակողմանիորեն ուսումնասիրելու Հայաստանի երիտասարդների կյանքի դինամիկան՝ կյանքի փուլերը, հետպատերազմյան համատեքստում երիտասարդների անկախության ձեռքբերման փորձառությունները և ապագայի տեսլականները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment