Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Տերյան փողոցում․ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն ասֆալտի տակից դուրս է հոսում

Այսօր արտակարգ իրավիճակ էր Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վաղ առավոտյան Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը ճաքել է, ինչի հետևանքով էլ խմելու ջուրը վարար գետի նման հոսում է։

Դեպքի մասին տեղեկանալով, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ ժամանել է նշված վայր, և փորձում են հասկանալ, թե ինչպես լուծել խնդիրը, իսկ խնդիրը պետք է լուծվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։

«Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները միայն կարողացել են մի քանի դիտահորերի կափարիչները բացել, ինչի արդյունքում դադարեցվել է ջրի հոսքը դեպի Հյուսիսային պողոտա, սակայն քանի ժամ է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից չեն ժամանել վթարի վայր, որպեսզի խնդիրը արագ լուծեն, այդ թվում, գոնե, ժամանակավորապես դադարեցնեն ջրամատակարարումը վթարված խողովակով, մինչև աշխատանքների ավարտ։

Այս մի քանի ժամվա ընթացքում խմելու ջուրը տոննաներով կորում է, իսկ հետիոտները, վթարի հարևանությամբ գործող խանութների աշխատակիցներն ու դպրոց հաճախող երեխաները մի կերպ են անցնում այդ ջրի միջով»,- գրել է կայքը։ 

Leave a comment