ԱՄՆ-ն 9000 զինծառայող և 3-րդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱՄՆ-ն մոտ 9000 զինծառայող է ուղարկում Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների շուրջ հայտարարությունների ֆոնին, գրում է The Guardian-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Մերձավոր Արևելք մեկնող խմբավորման կազմում ավելի քան 7000 նավաստի և 2000 ծովային հետևակային կա։ Այն ներառում է USS Theodore Roosevelt ավիակրային հարվածային խումբը և USS Makin Island դեսանտային պատրաստության խումբը՝ USS John P. Murtha և USS Anchorage նավերով։

Լրատվականը հայտնում է, որ հոկտեմբերի վերջին Մերձավոր Արևելքում կարող է միաժամանակ երեք ամերիկյան ավիակիր գտնվել։ Ներկայում տարածաշրջանում են USS George H.W. Bush և USS George Washington ավիակիրները, ինչպես նաև USS Boxer դեսանտային պատրաստության խումբը։

Նոր տեղակայման արդյունքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի անձնակազմի թիվը կարող է գերազանցել 20 000-ը, իսկ խմբավորման կազմում կլինեն հարյուրավոր ինքնաթիռներ։ Միևնույն ժամանակ՝ USS George Washington-ը կարող է վերադառնալ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջան Theodore Roosevelt-ի ժամանումից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time-ին տված հարցազրույցում չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները՝ հնարավոր համարելով ռմբակոծությունների ուժեղացումը նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո։

Թրամփը նաև հայտնել է, որ մերժել է Թեհրանի վերջին հրադադարի առաջարկը՝ այն համարելով անբավարար։ Նրա խոսքով՝ առաջարկի բաղադրիչներից մեկը վերաբերում էր Հորմուզի նեղուցի բացմանը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մոտ ժամանակում պետք է որոշի՝ Իրանի հետ համաձայնությա՞ն գալ, թե՞ վերսկսել ռազմական գործողությունները։

«Մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ հարվածե՞լ նրանց, թե՞ համաձայնության գալ։ Դա շատ շուտով այս կամ այն կերպ կավարտվի»,- ասել էր նա լրագրողներին։

The Independent-ը գրել է, որ Թրամփն սպառնացել է «շատ ուժեղ» պատասխան տալ, եթե հաստատվի Իրանի կապն Իսրայել մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետ։

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն առանձին բանակցություններ էին անցկացրել միջնորդների հետ՝ յոթ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու նոր փորձի շրջանակում։ Հնարավոր հետագա բանակցությունները պետք է կենտրոնանան Իրանի առաջարկած յոթօրյա ծրագրի փոփոխված տարբերակի վրա։ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ստացել են ԱՄՆ-ի պատասխանը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այն ներկայացրել էր երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai-ի FZ1073 չվերթն արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում՝ օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ ԶԼՄ-ների՝ երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, սակայն միջադեպի դրդապատճառները դեռ քննվում են։

Armenia Today

Leave a comment