Ադրբեջանում Նասիմի Մուսաևի շուրջ սկանդալը նոր մանրամասներով է համալրվում

Karabakh Records. Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարազատներին, հայտնում են, թե նրա անհետանալուց կարճ ժամանակ առաջ զորամասում լուրջ միջադեպ է տեղի ունեցել։

Նշվում է, թե զինծառայողը խնդիրներ է ունեցել պայմանագրային զինծառայողների և ճաշարանի աշխատակցի հետ։

Մուսաևի հարազատի պնդմամբ՝ մի քանի զինծառայողներ քննիչի ներկայությամբ հայտարարել են, թե միջադեպի օրը որոշ պայմանագրային զինծառայողներ հարբած են եղել։

Ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը կասկածի տակ է դնում վարկածը, թե Մուսաևը պարզապես ինքնակամ լքել է ծառայության վայրը, և պարզաբանում է պահանջում Ադրբեջանի ռազմական ղեկավարությունից։

Ավելին՝ դեռևս պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելուց առաջ Մուսաևի հարազատները մի քանի օր շարունակ հայտնում էին, որ չեն կարողանում հրամանատարությունից հստակ տեղեկություններ ստանալ զինծառայողի ճակատագրի վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ զորամասի հրամանատարը հրաժարվել է ընդունել իրենց, ինչից հետո ընտանիքը հրապարակայնորեն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ընտանիքն այդպես էլ պատասխան չի ստացել։

«Այժմ հարցը միայն այն չէ, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը լքել զորամասը և հայտնվել Հայաստանի տարածքում, այլև այն, թե ինչ էր տեղի ունենում ստորաբաժանման ներսում մինչև նրա անհետանալը, և ինչու նրա հարազատները մի քանի օր շարունակ չէին կարողանում հրամանատարությունից հստակ պատասխաններ ստանալ», — գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment