Քաղաքականություն
02.10.2026 | 20:00
Նավթի և գազի սեփական պաշարներ չունեցող Հայաստանն էներգետիկ անվտանգության առումով խոցելի է և մեծ կախվածություն ունի արտաքին դերակատարներից։ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը և բանակցություններում փակուղին, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմն ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ռուսական էներգետիկ օբյեկտների թիրախավորումները և այլ գործոններ բարձրացրին նավթի համաշխարհային գները։
Խոշոր նավթարդյունահանող Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մեկ հինգերորդ մասը: Երևանի խոշոր բենզալցակայաններում բենզինի գործող միջին գներն անցել են 600 դրամը՝ 1 լիտրի դիմաց։ Ըստ մասնագետների՝ գինը կարող է մոտենալ 700 դրամին, եթե համաշխարհային ճգնաժամը շարունակվի։
Հայաստանի տնտեսությունը խոշոր կախվածություն ունի նաև ռուսական գազից։ Այն ՀՀ-ի գազասպառման մեջ ամենամեծ ծավալն է կազմում։ Ռուսաստանցի պաշտոնյաները, որ ՀՀ-ից պահանջում են ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, բացահայտ ասում են՝ եթե երկիրն ընտրի եվրոպական ուղղությունը, ՌԴ-ն կթանկացնի ՀՀ-ին մատակարարվող գազը։
Հայաստանի կառավարությունը, կարծես, մտափոխվել է, և չի կառուցի մոդուլային ատոմակայան։ Փաշինյանը չբացառեց, որ ամենատրամաբանական լուծումը կլինի 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը: ՀՀ-ին նման առաջարկ էր ներկայացրել ռուսական «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը խոսում է ՌԴ-ից էներգետիկ անկախության հասնելու նպատակից։
Կառավարելի՞ են, արդյոք, ՀՀ-ի էներգետիկ խնդիրները, ի՞նչ այլընտրանքներ կան։ Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Սոս Խաչիկյանը՝ տնտեսագետ, Մհեր Բեջանյանը՝ տնտեսագետ, Արսեն Խառատյանը՝ կոնֆլիկտաբան։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան