Չարտահանձնել ադրբեջանցի զինծառայողին առանց որևէ նախապայմանի․ բողոքի ակցիա ԱԱԾ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստան ներթափանցած և Սյունիքի Շաքի գյուղում 39-ամյա կնոջն ու երեխաներին վնասած ադրբեջանցի զինծառայողը կարող է արտահանձնվել Ադրբեջանին բացառապես Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի դիմաց։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այս պահանջով բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմաց։

«Իշխանությունները պետք է սա օգտագործեն որպես լծակ կամ բանակցային գործոն Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Մենք այստեղ ենք, որ պահանջենք առաջնահերթություն տալ հայ գերիներին»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց անդամներից մեկը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Sputnik Արմենիա

Leave a comment