Ադրբեջանցի դիվերսանտը պետք է պատժվի Հայաստանի օրենսդրության ամբողջ խստությամբ։ Այս մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Քաղաքական գործիչն արձանագրել է, որ երկրի իշխանությունները մի քանի օր գիտեին տեղի ունեցողի մասին, սակայն դիվերսանտին վնասազերծել են գյուղի բնակիչները, ոչ թե իրավապահները, այն էլ այն բանից հետո, երբ նա վիրավորել էր մի կնոջ և մարմնական վնասվածքներ հասցրել երեխաներին։
«Սա ցույց է տալիս երկրի, հատկապես Սյունիքի անվտանգության համակարգի բացակայությունը։ Զինված ադրբեջանցի զինծառայողը կարող էր անցնել սահմանը, թափառել Հայաստանում և միայն բնակիչների հետ բախումից հետո վնասազերծվել։ Մեծ հաջողություն է, որ կինը ծանր վնասվածքներ չի ստացել։ Հետևանքները կարող էին սարսափելի լինել՝ հաշվի առնելով, որ նա զինված էր ինքնաձիգով», – հավելել է Չալաբյանը։
Նա ընդգծել է, որ ադրբեջանցի զինծառայողը պետք է դատապարտվի Հայաստանի օրենսդրության ամբողջ խստությամբ և դատապարտվի առնվազն 20 տարվա ազատազրկման կամ ցմահ։ «Միայն դրանից հետո կարելի է խոսել փոխանակման կամ փոխանցման մասին։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե իրավիճակը հակառակը լիներ, և խոսքը Հայաստանի քաղաքացու մասին լիներ», – նշել է Չալաբյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի զինծառայողը լիովին կարող էր դիվերսանտ լինել, իսկ այն խոսակցությունները, թե նա փախել է և մոլորվել, պարզապես աչքակապություն են։ Եվ ընդհանրապես, նա կարող էր միայնակ չլինել», – եզրափակել է Չալաբյանը։