Քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Երևանի ու Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները։ Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի ստեղծման ու զարգացման պատմությունը, տեխնիկական կարողությունները, ինչպես նաև անդրադարձել է ոլորտում իրականացվող ծրագրերին։

Իրանական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու ծառայությունները ներդնելու տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ թունելաշինության, վագոնաշինության և մետրոպոլիտենի ենթակառուցվածքներին վերաբերող այլ ոլորտներում։

Բաբկեն Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող և նախատեսված ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը, ինչպես նաև զարգացման առաջիկա նախագծերը։

Leave a comment