Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է

Քաղաքականություն

02.10.2026 | 12:32

Ռուսաստանը հոկտեմբերի լույս 2-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 108 անօդաչու թռչող սարք, որոնցից 88-ը խոցվել են։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current time-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Ռուսաստանը կրկին հարվածել է Հարավային կամրջին։ Սա երկու օրվա ընթացքում Հարավային կամրջի ուղղությամբ արդեն չորրորդ հարձակումն է։ Հոկտեմբերի 1-ի երեկոյան իրականացված երրորդ հարձակումն ավերիչ է եղել։ Վնասվել են կամրջի հենասյուներից մեկը, արգելապատնեշը, ճանապարհային ծածկը, ռելսերը և մետրոպոլիտենի պաշտպանիչ բետոնե արգելապատնեշները։

Հարավային կամուրջը Կիևի կարևորագույն հանգույցներից մեկն է։ Այն կապում է Դնեպրի աջ և ձախ ափերը։ Բացի ավտոմոբիլային ճանապարհից՝ կամրջով անցնում է նաև Կիևի մետրոպոլիտենի գիծը։ Այժմ կամուրջը երկու կողմից ամբողջությամբ փակ է տրանսպորտային երթևեկության համար։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ռուսական հարձակումների հետևանքով Կիևում մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Դարնիցկի  շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է 25 հարկանի բնակելի շենքի, որի վերջին երկու հարկերում հրդեհ է բռնկվել։ Ավերածությունների մակերեսը կազմել է մոտ 40 քառակուսի մետր։

Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է Նիկոպոլի շրջանում մեկ տուժածի մասին։ Ռուսական հարձակումների հետևանքով վնասվել են խանութ, ենթակառուցվածքներ, բազմաբնակարան շենքեր և ավտոսպասարկման կետ։ Կրիվոյ Ռոգի շրջանում վնասվել են խանութ և ենթակառուցվածքային օբյեկտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment