Ռուսաստանը չի սկսել հակամարտությունը. ընդհակառակը՝ ռազմական գործողություններ սկսվել են նրա դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Валдай» քննարկման ակումբի 23-րդ ամենամյա հանդիպման լիագումար նիստի ընթացքում։
«Գիտեմ, որ փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչների մոտ հարց է առաջանում՝ «Ռուսաստանը խոսում է խաղաղության մասին, մինչդեռ ինքն է պատերազմ սկսել»։ Ես նախկինում բազմիցս խոսել եմ այդ մասին, բայց ևս մեկ անգամ կասեմ նման հավաքի ժամանակ։ Ո՞րն է ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ ոչ թե մենք ենք ցանկացել կամ սկսել պատերազմը, այլ պատերազմ է սանձազերծվել մեր դեմ»,- ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը Ռուսաստանի նպատակներից մեկն է։ Նա վկայակոչեց Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որն ամրագրում էր մշտապես չեզոք պետություն դառնալու երկրի մտադրությունը, և նշել, որ Մոսկվան Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետագա ձգտումը դիտարկում է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը։
ՌԴ նախագահը անտրամաբանական է համարել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին հարվածելուց փոխադարձաբար հրաժարվելու վերաբերյալ առաջարկները՝ քանի դեռ պահպանվում են արևմտյան պատժամիջոցները։ Նա նաև պնդել է, որ ռուսական տարածքի խորքերում ուկրաինական հարվածներն անհնար կլինեին առանց արևմտյան երկրների հետախուզական և տեխնիկական աջակցության։