ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է A7 ցանցի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու որոշման մասին՝ Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու արշավի շրջանակում։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունն աննախադեպ միջոցներ է ձեռնարկել A7 ցանցի դեմ», – ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Դրանում ցանցը բնութագրվում է որպես «Ռուսաստանի հետ կապեր ունեցող» կառույց։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Թեհրանն այն օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար։
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն առաջարկել է սահմանել կանոն, որն արգելում է A7 ցանցի մասնակցությամբ գործարքների շրջանակում դրամական միջոցների փոխանցումները։ Վարչությունը նաև հրապարակել է տեղեկատվական ծանուցում, որը կօգնի ֆինանսական հաստատություններին բացահայտել A7 ցանցի հետ կապված կասկածելի գործարքները։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշում է, որ իր կազմում գործող Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) A7-ը ներառում է պատժամիջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների SDN ցուցակում՝ այն համարելով «նշանակալի անդրազգային հանցավոր կազմակերպություն»։
A7-ը ստեղծվել է 2024 թվականի աշնանը՝ ՊՍԲ բանկի մասնակցությամբ, որին պատկանում է ընկերության 49%-ը։ Ընկերությունը ռուսաստանյան արտահանողներին և ներմուծողներին առաջարկում է արտասահմանյան գործընկերների հետ հաշվարկներ իրականացնելու ծառայություններ։ ԱՄՆ-ն A7-ն առաջին անգամ SDN ցուցակում ներառել էր 2025 թվականի օգոստոսին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հայտարարված պատժամիջոցները լրացնում են 2025 թվականի օգոստոսին ընդունված որոշումը՝ դրանց գործողությունը տարածելով A7 ամբողջ ցանցի վրա։