ՌԴ–ն սպասում է ՀՀ–ի պատասխանին. Օվերչուկը` երկաթուղու 2 հատվածները վերականգնելու մասին

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղու 2 հատվածները (Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման) վերականգնելու թեմային:

«Այսօր քննարկվել է նաև «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայով կառավարվող հայկական երկաթուղու երկու փոքր հատվածի կառուցման, վերականգնման հետ կապված հարցը։ Մենք ուշադրություն ենք հրավիրել, որ աջակցում ենք այդ երկու հատվածների վերականգնմանը ու պատրաստ ենք մասնակցել և օգնել Հայաստանին, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապը Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի հետ սահման», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նա հստակեցրել է, որ այդ որոշումը ՌԴ–ում ընդունվել է երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և հիմա սպասում են, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։

«Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է անցկացվեն շատ կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այդ հարցը», – հավելել է Օվերչուկը:

Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

Հայաստանի երկաթուղիների՝ ռուսական կոնցեսիայի գործող կառավարման վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։

Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Երևանը նաև հայտարարեց, որ չի առարկում ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախական ընկերությանը փոխանցելուն:

ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ:

Leave a comment