Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացել է ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպում։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը (մասնակցել է նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը), իսկ իրանական կողմը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
Օրակարգն ու պայմանավորվածությունները.
-
Խոչընդոտների վերացում. Փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանը և Ռեզա Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:
-
Ենթակառուցվածքների արդիականացում. Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման և բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:
-
Անցակետի վերակառուցում. Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը:
Սահմանային անցակետի վերակառուցումն ու երկկողմ պայմանավորվածությունները միտված են Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը և տարանցիկ լոգիստիկ ընթացակարգերի պարզեցմանը։