«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները կոչ են արել իշխանություններին առանց փոխանակման Ադրբեջանին չհանձնել Սյունիքի մարզում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին, որը Շաքի գյուղում երեք երեխայի ներկայությամբ կրակել էր նրանց մոր վրա։
«Զգուշացնո՛ւմ եմ՝ հայ կնոջը երեխաների ներկայությամբ կրակած ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին»,- գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ զինծառայողին չպետք է հանձնել Ադրբեջանին որպես «բարի կամքի դրսևորում»՝ հիշեցնելով Բաքվում պահվող հայերի մասին։
«Երբ զինված ադրբեջանցին գալիս է քո երկրի տարածք և քո հայրենակցին վնասում է, դու չես կարող որպես բարի կամքի դրսևորում ուղղակի հանձնել այդ ադրբեջանցուն՝ մոռանալով, որ Բաքվում ունես կապույտ անձնագիր կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- ասել է Գրիգորյանը։
Նա հիշեցրել է, որ երեք տարի առաջ նույն հատվածից ներխուժած երկու ադրբեջանցիներից մեկը Կապանում սպանել էր տեղի բնակչի, սակայն հետագայում նրան, որպես բարի կամքի դրսևորում, հանձնել էին Ադրբեջանին։
Գրիգորյանի խոսքով՝ երբ հայ զինծառայողներն էին հայտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, Բաքուն նրանց չէր վերադարձնում որպես բարի կամքի դրսևորում և դրա դիմաց ինչ-որ բան էր պահանջում։
Գրիգորյանը քննադատել է նաև իրավապահների գործողությունները։ Նրա խոսքով՝ իշխանությունները գիտեին Իշխանասարի կողմից զինված ադրբեջանցու ներթափանցման մասին, սակայն Սիսիանի տարածաշրջանի բնակիչներին վտանգի մասին չէին զգուշացրել։
«Առնվազն Սիսիանի տարածաշրջանի ժողովրդի հետ էֆեկտիվ հաղորդակցություն պետք է իրականացվեր, որ մեկ էլ երեք երեխայի մայրը պատահաբար իր տանն ադրբեջանցի չհայտնաբերեր։ Այսինքն՝ այդ զգոնությունն առնվազն ունենային»,- ասել է նա։
Պատգամավորն անընդունելի է համարել, որ իրավապահները երկու օր չեն կարողացել գտնել Հայաստանի տարածք ներթափանցած զինված ադրբեջանցուն, և նրան ձերբակալել են միայն, երբ նա Շաքիում կրակել է տեղի բնակչուհու վրա։
«Եթե հարցը վերաբերեր որևէ ընդդիմադիր գործչի, վաղուց հայտնաբերված, գետնին պառկեցված և կալանավորված կլիներ»,- հայտարարել է Գրիգորյանը։
Զինված ադրբեջանցու ներթափանցման մասին սկզբում հայտնել էին ԶԼՄ-ները, որից հետո տեղեկությունը հաստատել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին ԱԱԾ-ին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին։ Զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Շաքիի բնակիչներից մեկն Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին մտել էր բնակելի տուն և կրակել տեղի բնակչուհու վրա՝ նրա երեք երեխայի ներկայությամբ։
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում ձերբակալված ժամկետային զինծառայող Նասիմի Մուսաևը որոնվում էր սեպտեմբերի 26-ից։