Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները ևս դիմել են բուժօգնության

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վիրավորում ստացած կնոջ` Անի Ավետիսյանի 2 երեխաները ևս դիմել են բուժօգնության։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ գերատեսչության` ՀՀ ՆԳՆ–ն ժամը 14:17-ին ահազանգ է ստացել քաղաքացուց, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:

«Պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Ադրբեջանի քաղաքացին դիմել է փախուստի, բայց ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն փողոցի 26-րդ հասցեում։ Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները»,– ասված է հաղորդագրությունում։

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ` աջ դաստակի կոտրվածք։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեխաներին ևս տեղափոխել են Երևան։

Քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը):

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։

Ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։

Sputnik Արմենիա

Leave a comment