ՌԴ ԱԽ․ ԱՄՆ-ը կկարողանա արգելել բեռները «Թրամփի երթուղու» միջոցով՝ Հայաստանում ստեղծելով «պետություն պետության մեջ»

ԱՄՆ-ն ապագայում կկարողանա սահմանափակել փոխադրումները Հայաստանում «Թրամփի երթուղու» (TRIPP) հատվածով, եթե ամերիկյան իշխանությունները համապատասխան պատժամիջոցներ սահմանեն։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ТАСС-ը։

Նրա գնահատմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է ամերիկյան կողմին զգալի լիազորությունների փոխանցում համատեղ ընկերության շրջանակում, որը մասնակցելու է նախագծի իրականացմանը։

«Արդեն հստակ սահմանված է, որ «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագրի իրականացմանն առնչվող բոլոր վեճերը լուծվում են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, իսկ կապալառու ընկերությանը փոխանցվում են հողի օգտագործման բացառիկ իրավունքներ։ Դա ենթադրում է, որ ամերիկացիները հետագայում կկարողանան իրենց վերահսկողության տակ գտնվող երթուղու հատվածով անցնող բեռները «զտել», կոպիտ ասած՝ այս կամ այն դեպքում հրաժարվել տրամադրել իրենց ծառայությունները»,- ասել է Շևցովը։

Նա ենթադրել է, որ նման սահմանափակումը կարող է ձևակերպվել որպես պատժամիջոցային արգելք ամերիկյան ընկերությունների, դրանց թվում՝ երթուղու օպերատորի համար, համագործակցել որոշակի տնտեսական սուբյեկտների հետ։

Շևցովը նաև ուշադրություն է հրավիրել ապագա ընկերության կառուցվածքի վրա։

Նա նշել է, որ ամերիկյան կողմին կպատկանի 74%-ը, իսկ հայկականին՝ 26%-ը, ընդ որում իրավունքների տրամադրման սկզբնական ժամկետը կկազմի 49 տարի։

«Այսինքն՝ Երևանի մոտ հաստատ վերահսկիչ փաթեթ չի լինի, հնարավոր է՝ լինի արգելափակող, բայց քանի դեռ ընկերության հաստատված կանոնադրությունը չկա, հստակ ոչինչ ասել չի կարելի»,-նշել է նա։

Այս կապակցությամբ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ երթուղու նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը փաստացի Հայաստանում ստեղծում է «պետություն պետության մեջ»։

Միաժամանակ Շևցովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումն ինքնին կարող էր նպաստել տարածաշրջանի զարգացմանը։ Մասնավորապես, նա ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցության նշանակությունը և հայտարարել, որ Ռուսաստանն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ամենապարզ եղանակը կլիներ Նախիջևանի միջոցով տարանցման վերականգնումը։ Դրա համար, նշել է Շևցովը, անհրաժեշտ է քաղաքական որոշում և բեռնափոխադրումների երաշխավորված ծավալ, որը կապահովեր երկաթուղու շահութաբերությունը։

NEWS.am

Leave a comment