Ինձ հասանելի գործիքներով այլևս չեմ կարող ապահովել այն տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը, որոնք, իմ համոզմամբ, անհրաժեշտ են այս ծրագրերի պատշաճ իրականացման համար. Սարգիս Հայոցյան

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես գիտեք՝ իմ դիմումի համաձայն ազատվել եմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ինձ համար սա ամենևին հեշտ որոշում չեր, քանի որ ես հավատում եմ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Ես համոզված եմ, որ Ակադեմիական քաղաք ծրագիրը ու ոլորտների կոնսոլիդցիան կարևորագույն ծրագրերից է, որի իրականացումը կանխորոշելու ու երաշխավորելու է Հայաստանի Հանրապետության կիրթ ու առաջադեմ ապագան, ու նպաստելու է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ներգրավվել դրանում ու դառնալ իր լավագույն հնարավոր ես-ը, ինչպես նաև մեր պետությունը դիրքավորելու է ակադեմիական և տեխնոլոգիական գլոբալ քարտեզի վրա, որպես իր ասելիքն ունեցող երկրի:

Պաշտոնում աշխատելուս տարիներին ես պատիվ եմ ունեցել մասնակցել և դերակատարում ունենալ բարեփոխման քաղաքականությունների մշակմանը և բարեփոխման խիստ հավակնոտ օրակարգի իրականացմանը, ինչի համար շնորհակալ եմ ինձ տրված վստահության և իմ հավատացած նպատակին ծառայելու հնարավորության համար ինչպես, նախ և առաջ իմ ղեկավար նախարար Ժաննա Անդրեասյանին, այնպես էլ իմ քաղաքական ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խորապես նաև երախտապարտ եմ Կոմիտեի իմ թիմին, ովքեր անտրտունջ և անշահախնդիր աշխատել են ողջ ընթացքում, և ամբողջ ակադեմիական համայնքին, որը թեկուզ և քննադատելով և մեթոդների վերաբերյալ անհամաձայնությամբ, այնուամենայնիվ հավատացել է բարեփոխումների օրակարգին և, վստահ եմ, կշարունակի քայլել բարեփոխումների ճանապարհով:

Միևնույն ժամանակ, աշխատանքում իմ փորձով ես համոզվել եմ, որ նման մասշտաբի բարեփոխումների հաջողությունը միայն ճիշտ քաղաքականությունների և հայեցակարգերի մշակմամբ չի կարող իրականացվել։ Դրանք պահանջում են հետևողականություն բոլոր մակարդակներում, ինստիտուցիոնալ պատասխանատվության հստակ բաշխում, արդյունավետ, արագ և ճկուն համակարգում, մտքի և ջանքերի կենտրոնացում և երկարաժամկետ շարունակականություն։

Այսօր իմ մասնագիտական գնահատականն այն է, որ իրականացման համար առկա միջավայրում և իմ պաշտոնում ինձ հասանելի գործիքներով այլևս չեմ կարող ապահովել այն տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը, որոնք, իմ համոզմամբ, անհրաժեշտ են այս ծրագրերի պատշաճ իրականացման համար և հետևաբար ինձ համար ճիշտ չէր լինի շարունակել զբաղվել այսպիսի խոշոր և ռազմավարական նշանակության ծրագրերով այն պայմաններում, երբ այլևս վստահ չեմ, որ կարող եմ ապահովել դրանց իրականացումն այն մակարդակով, որը մասնագիտական առումով ընդունելի եմ համարում։

Իմ հրաժարականը չպետք է ընկալվի որպես բարեփոխումների մերժում։ Ընդհակառակը՝ ես շարունակում եմ խորապես հավատալ և նվիրված լինել դրանց նպատակներին և կարևորությանը: Ես շարունակում եմ համոզված մնալ, որ Կառավարության 2026-2031 ծրագրով ոլորտների համար նախանշված թիրախների իրականացումը կարևոր է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման համար: Ակադեմիական քաղաք ծրագիրն անհրաժեշտ է որպես պետության թռիչքային զարգացումն ապահովող պլատֆորմ, գիտության ոլորտի ռազմավարական ծրագիրը` որպես այս ամեն ինչի բովանդակությունն ապահովող գործիքակազմ, իսկ բուհական ոլորտի ռեֆորմը, որպես հանրային վերափոխման առաջնահերթ կարևորության միջոց:

Այս որոշումն արտացոլում է բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ իմ մասնագիտական գնահատականը, ինչպես նաև՝ ներկա պայմաններում դրանց իրականացման պատասխանատվություն ստանձնելու համար իմ սեփական հնարավորությունների գնահատումը։

Պաշտոնից հեռանում եմ մեծ հարգանքով և երախտագիտությամբ այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ աշխատել եմ, և անկեղծ հույսով, որ մեր սկսած բարեփոխումները կշարունակվեն և կհաջողեն։

Իմ հնարավորությունների սահմաններում հետագայում ևս պատրաստ եմ իմ գիտելիքով և փորձով աջակցել դրանց իրականացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment