«ԱՄՆ հետ հուշագրի ստորագրումից հետո ներդրումային ծրագրերն արդեն այն ծավալի են, որ ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ»

«Մեկ տարի չորս ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունը էլէկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր։ Եվ մենք պետք է մտածեինք՝ մեր ավել էներգիան որտեղ սպառենք։ Մեկ տարի հետո ՀՀ-ն դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, որովհետեւ օգոստոսի 8-ին ստորագրվել է, ըստ ընդդիմության, ոչ մի բան չնշանակող մտադրությունների հուշագիրը ԱՄՆ նախագահի եւ իմ միջեւ։ Այն, որ արհեստական բանականության երկու գործարան է ստեղծվել, դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկն այդ ներդրումային ծրագրերն արդեն ամբողջությամբ սպառել են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հետեւաբար՝ պետք է մտածել ինչ անել. պետք է մտածել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների եւ նոր աղբյուրների գեներացման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

«Նախկինում ես տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչ մի բան պետք չէ։ Բայց այս փոփոխության բերումով արդեն պետք է հասկանանք, որովհետեւ մոդուլայինը մեզ մեծ հավանականությամբ այլեւս չի հերիքելու»,- հավելեց Փաշինյանը։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment