ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ Է
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ իշխանության, կուսակցության կամ ժամանակավոր քաղաքական օրակարգի սեփականությունը չէ։ Այն դարերով եղել է հայ ժողովրդի հավատքի, ինքնության, հիշողության և ազգային միասնության պահապանը։
Երբ մենք կորցրել ենք պետականություն, Եկեղեցին պահպանել է մեր հոգևոր հայրենիքը։ Երբ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է համազգային հոգևոր կենտրոն։
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է դա չմոռանալ։
Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախևառաջ մեր Եկեղեցու հոգևոր առաջնորդն է և այդ դարավոր ժառանգության պատասխանատուն։ Նրա հանդեպ վերաբերմունքը չպետք է թելադրվի օրվա քաղաքական շահերով։
Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, կարելի է քննարկել խնդիրները, բայց Եկեղեցին չպետք է դառնա քաղաքական պայքարի թիրախ։
Այս դժվար ժամանակներում մեր պատասխանն է՝
աղոթել, մնալ Եկեղեցու կողքին, պաշտպանել ճշմարտությունը՝ առանց ատելության, և պահպանել այն, ինչ մեզ են փոխանցել մեր հայրերը։
Որովհետև իշխանությունները փոխվում են, ժամանակները՝ նույնպես, իսկ Եկեղեցին մնում է ժողովրդի հոգևոր հիշողության և ազգային ինքնության պահապանը։
Պահպանե’նք Եկեղեցին։
Պահպանե’նք մեր հավատքը։
Պահպանե’նք մեր համազգային միասնությունը:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի