«Աշխարհում կան վարկանիշավորման մի շարք ընկերություններ, բայց դրանցից հեղինակավորներն են՝ QS World University Rankings-ը, Times Higher Education-ը եւ Shanghai Ranking-ը: Այդ երեքն էլ տարվա վերջին ամիսների ընթացքում հրապարակել են իրենց նոր ցանկերը, որոնք 2027-ի համար են, եւ բոլոր 3 տեղերում էլ մենք ունենք հետընթաց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
«Շանհայի վարկանիշավորման աղյուսակը նաեւ մեր օրենսդրության մեջ կա, եւ այդ աղյուսակում ընդգրկված լավագույն 50 բուհերն ընդունված տղաները տարկետում են ստանում բանակում ծառայելուց: Այդ վարկանիշավորման աղյուսակում Հայաստանը ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չունի, QS-ում, որտեղ ընդգրկված են լավագույն 1500 համալսարանները, նաեւ Երեւանի պետական համալսարանն է ընդգրկված, որը 1000-ից ավելի ցածր դիրքում է: Ընդ որում՝ ԵՊՀ-ն սրանից երկու տարի առաջ 800-1000-ի մեջ էր:
Երեկ հրապարակվեց Times Higher Education վարկանիշավորման աղյուսակը, այստեղ ընդգրկված է շուրջ 2500 համալսարան, եւ այդ 2500 համալսարանների մեջ Հայաստանից կա ընդամենը մեկ համալսարան, դա կրկին ԵՊՀ-ն է, որը 2000-ից ավելի ցածր տեղ է զբաղեցնում: Կա եւս մեկ համալսարան՝ Եվրոպական համալսարանը, որն ուղղակի իր փաստաթղթերը ներկայացրել է, որպեսզի վարկանիշավորվի, բայց այդ գործընթացը կարող է տեւել 2-3 տարի»,-ասում է Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով, ամեն ինչ համեմատության մեջ է տեսանելի. «3 տարի առաջ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը մեկական բարձրագույն ուսումնական հաստատություն ունեին QS-ում եւ Times Higher Education-ում, բայց երկուսն էլ Շանհայում ոչ մի համալսարան չունեն: Այժմ Ադրբեջանից արդեն 5 համալսարան ներգրաված է աշխարհի լավագույն 2500 համալսարանների ցանկում, ադրբեջանական 9 համալսարան էլ դիտարկվում են՝ ընդգրկվելու համար, այսինքն՝ փաստաթղթերն ուղարկվել են: Վրաստանն ունի 3 համալսարան, 5-ն էլ ուղարկել են իրենց փաստաթղթերը, որպեսզի վարկանիշավորվեն:
QS-ում Հայաստանն ունի մեկ համալսարան՝ 1200-րդ տեղում, դա մեր ԵՊՀ-ն է: Ադրբեջանն այստեղ ունի 10 համալսարան, ընդամենը 4 տարվա ընթացքում է առաջընթաց գրանցել, իսկ 7-ը լավագույն 1000-ի մեջ են: Ստացվում է, որ Հայաստանը «պատվավոր» առաջին տեղում է տարածաշրջանում, ցավոք սրտի՝ վերջից: Էլ չենք խոսում Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին, որտեղ արդեն ավելի մեծ թվով համալսարաններ են ներգրաված»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը:
Նրա համոզմամբ՝ հետընթացի ամենակարեւոր պատճառը կրթության ոլորտում սխալ որոշումների կայացումն է, անհրաժեշտ հետեւություններ չանելը եւ չակերտյալ բարեփոխումներ իրականացնելը. «Մենք մի կողմից ծախսում ենք շատ գումարներ, այսպես ասած՝ բարեփոխումների համար, սակայն այդ գումարները ոչ միայն վատնվում են, այլ ավելի վատ հետեւանքների են բերում: Պետք է փոխել որոշում կայացնողներին, մյուսն էլ ֆինանսավորման ավելացումն է արդյունավետության բարձրացման համար: Նույնիսկ այն ֆինանսավորումը, որ հիմա կա, բավարար չէ, որ Հայաստանը լավ տեղեր զբաղեցնի վարկանիշավորման աղյուսակներում»:
Դառնալով Շանհայի վարկանիշավորման աղյուսակին՝ նշենք, որ տարբերություն QS-ի կամ Times Higher Education-ի, այս պարագայում բուհի գիտահետազոտական արդյունքն ու ակադեմիական գերազանցությունը չափվում է 6 ցուցանիշով՝ Նոբելյան/Ֆիլդսի մեդալակիր շրջանավարտներ – 10%, Նոբելյան/Ֆիլդսյան մեդալակիր աշխատակիցներ – 20%, բարձր ցիտելիություն ունեցող հետազոտողներ (Highly Cited Researchers) – 20%, Nature և Science-ում հրապարակումներ – 20%, Web of Science-ում ինդեքսավորված գիտական հոդվածներ – 20%, մեկ ակադեմիական աշխատակցին բաժին ընկնող ընդհանուր ակադեմիական արդյունք – 10%:
Այսինքն՝ ի տարբերություն QS/THE-ի, ARWU-ում հեղինակավոր մրցանակները, բարձր ցիտելիություն ունեցող գիտնականները եւ գիտական հրապարակումները շատ ավելի կենտրոնական դեր ունեն, իսկ հեղինակությունը, ուսանողների փորձը կամ գործատուների կարծիքը հիմնական չափանիշներ չեն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: