Թորոսյան․ Կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, թաղման նպաստն էլ կստանան միայն անապահովները

2027 թվականին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը ներկայիս 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, իսկ թաղման նպաստը կպահպանվի միայն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիների համար։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ թաղման նպաստն առավել հասցեական դարձնելու հարցը քննարկվել է կառավարությունում։

«Մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել մեր քաղաքացիներին՝ կենսաթոշակառուներին` իհարկե, պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք ունեն այդ ծախսերը հոգալու։ Խոսքը անապահովության համակարգում գտնվող քաղաքացիների մասին է»,- ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ 2027 թվականին կենսաթոշակները բարձրացվելու են, թեև ինքը այդ փոփոխության համար «ինդեքսավորում» եզրույթը չի ցանկանում օգտագործել։ Նրա խոսքով` նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կավելանա՝ 46 հազարից հասնելով 47 հազար դրամի։

«Տարատեսակ նպաստները կբարձրանան մինչև 47 000 դրամ։ Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում նույնպես 500 դրամով բարձրացում տեղի կունենա։ Դա կնշանակի, որ քաղաքացիների մոտ տարբեր բարձրացումներ կլինեն, միջինում տարբեր թվեր կստացվեն։ Կբարձրանա նաև զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների թոշակը։ Այնտեղ բանաձևն այլ է, քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով է հաշվարկվում, յուրաքանչյուր դեպքի համար չեմ կարող ասել, թե կոնկրետ մարդու համար որքանով կբարձրանա։ Բայց բարձրացում կլինի, որի համար, մնացած բոլոր բարձրացումներից զատ, կծախսվի հավելյալ շուրջ 5․5 միլիարդ դրամ»,– մանրամասնեց նախարարը։

Հարցին՝ թաղման նպաստների սահմանափակման արդյունքում որքան գումար է տնտեսվելու, նախարարը պատասխանեց, որ խոսքը տնտեսման մասին չէ։

«Ոչ մի բան չի տնտեսվի։ Ասացի՝ հավելյալ 5,5 միլիարդ դրամ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ թաղման նպաստը շարունակելու են ստանալ անապահովության համակարգում ընդգրկված համապատասխան քաղաքացիները։

Sputnik Արմենիա

Leave a comment