ՀՀ ցեմենտի ներմուծման արգելքը վերացվել է (PAN.am)

Հայաստանի կառավարությունը վերացրել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունվարի 23-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Արգելքը սահմանվել էր 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հունվարի 23-ը։

Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում ցեմենտի ներքին շուկայում ստեղծված իրավիճակով, հայտնում է Sputnik Արմենիան:

Երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ և լիցենզավորման կարգավորում էին սահմանվել, ինչի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։

«Ներկայում առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքներն ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ»,– ասված է որոշման մեջ։

Ցեմենտը Հայաստանը հիմնականում ներմուծում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։

Ավելի վաղ ցեմենտի շուկայում հնարավոր դեֆիցիտի մասին ահազանգերին անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով։ Նախարարը հավաստիացրել էր, որ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ։ Նրա ներկայացրած տվյալներով՝ օգոստոսին գործարանն արտադրել է 95,․3 հազար տոննա ցեմենտ, ինչը մոտ 16 հազար տոննայով գերազանցել է հուլիսի, իսկ 26 հազար տոննայով՝ հունիսի ցուցանիշը։

Leave a comment