Քաղաքականություն
01.10.2026 | 15:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ դատաիրավական համակարգում առկա խնդիրներին, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների քրեական գործերի ընթացքին, անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ դատարանների վերաբերմունքին, ինչպես նաև Եկեղեցու հետ հարաբերություններին:
Անդրադառնալով ընդդիմախոսների նկատմամբ ընտրովի արդարադատություն իրականացնելու վերաբերյալ մեղադրանքներին՝ վարչապետը հերքեց դրանք՝ նշելով, որ քրեական գործեր են հարուցվել նաև իր նշանակած նախարարների և քաղաքական թիմի ներկայացուցիչների նկատմամբ:
Խոսելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի քրեական գործի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջնական դատավճռի բացակայությունը դատաիրավական համակարգում առկա կոռուպցիայի հետևանք է․ «Այն, որ Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա այդ վիճակում է և վերջնարդյունք չկա, որևէ վճիռ չկա դատարանի, դա կոռուպցիայի արդյունք է, կոռուպցիա»։
Վարչապետի պնդմամբ՝ նախկին պաշտոնյաների ազատության մեջ գտնվելը պայմանավորված է նրանով, որ դատական համակարգի սահմանադրական երաշխիքների հետևում թաքնվելով՝ պաշտպանվում են կոռուպցիոն կլանների անդամները։ Նա ընդգծեց, որ հանցագործը պետք է նստի բանտում, և զգուշացրեց, որ դատական համակարգի անգործության պատճառով կարող է լցվել ժողովրդի համբերության բաժակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան