ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2027-ի պետական բյուջեի նախագծին, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։
Նախագծով Հայաստանի 2027 թվականի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվել են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կազմելու է 468.2 միլիարդ դրամ։
Կառավարությունը 2027-ի համար ակնկալում է 5.8% տնտեսական աճ։ Միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տարեկան միջին տեմպը նախատեսվում է մոտ 6%։
Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճի առանցքային շարժիչներից մեկը լինելու է գիտելիքն ու նորարարությունը։ Նախատեսվել է զարգացնել տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի ստեղծման վրա հիմնված տնտեսություն՝ զուգահեռ շարունակելով ենթակառուցվածքների զարգացումը։
Պետբյուջեի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտքի բեռը 2027-2028 թվականներին պահպանվելու է մոտ 47% մակարդակում, իսկ մինչև 2029 թվականն այն նվազելու է՝ հասնելով մոտ 46.4%-ի, հայտնում է Radar Armenia-ն։
Ծախսային քաղաքականության շրջանակում կառավարությունը նախատեսել է կրճատել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը՝ միաժամանակ կապիտալ ծախսերը պահպանելով պատմական միջին ցուցանիշից բարձր մակարդակում։ Մինչև 2029 թվականը կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում նախատեսվել է հասցնել 5.9%-ի։
Միաժամանակ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2026 թվականի համար ակնկալվող 24.4%-ից աստիճանաբար նվազելու է և 2029 թվականին կազմելու է 22.5%։
Բյուջետային եկամուտներն ավելացնելու նպատակով նախատեսվել է բարելավել հարկային վարչարարությունը, շարունակել ստվերային տնտեսության դեմ պայքարը և հարկային օրենսդրության միջոցով ներդրողների համար ձևավորել առավել կանխատեսելի միջավայր։
Կառավարությունը նախատեսում է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շարունակական աճ։ Ըստ նախագծի՝ 2029 թվականին այդ ցուցանիշը հասնելու է 25.7%-ի։