Դավիթ Բաբայան․ 2 կարևոր բան է եղել մեր դատավարության հետ կապված (PAN.am)

Բաքվում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը բանտից ուղերձ է փոխանցել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին իրենց դատական գործընթացի հետ կապված 2 կարևոր զարգացում է տեղի ունեցել:

Նա նշել է, որ իրենց են տրամադրվել վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ երեք անձի պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ամսի 18-ին մեզ ներկայացվել են արդեն վերաքննիչ դատարանի վճիռները, մեզ տրամադրել են էլեկտրոնային տարբերակը։ Բնական է, որ այնտեղ, ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական նմուշ անգամ չկա, բայց, այնուամենայնիվ, բերել և տվել են մեզ՝ 47 հատոր ընդհանուր ծավալով»,- ասել է Բաբայանը։

Երկրորդ կարևոր զարգացումը, նրա փոխանցմամբ, առնչվել է վճռաբեկ բողոքների ներկայացմանը։

«Մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց Գերագույն դատարան։ Իհարկե, ոչ բոլորինն է․ երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, մյուսներին չեն ներկայացրել կամ տեղյակ չենք»,- նշել է նա։

Բաբայանը պնդել է, որ վերաքննիչ դատարանի որոշումն էական տարբերություն չունի առաջին ատյանի դատարանի որոշումից և մեղադրող կողմի ներկայացրած փաստարկներից։ Նրա խոսքով՝ վերաքննիչ ատյանի փաստաթղթերից դուրս են թողնվել և գրաքննվել իր ներկայացրած որոշ հակափաստարկներ կամ դրանց կարևոր հատվածները։

Որպես օրինակ՝ Բաբայանն անդրադարձել է իրեն վերագրվող՝ «հանցավոր միավորման» անդամ լինելու մեղադրանքին։

«Ես ասում եմ՝ եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր հանրապետության հետ գործունեություն ունեցել, ուղղակիորեն առնչվել է, պաշտոնապես բանակցություններ վարել։ Հիմա վերաքննիչ դատարանի նյութերում այդ ամենը հանված է, անունը հանված է»,- ասել է Բաբայանը։

Նա խոսել է նաև իր նկատմամբ առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքների մասին՝ պնդելով, որ դրանցում ևս առկա են հակասություններ և փաստական անհամապատասխանություններ։

Բաբայանը շնորհակալություն է հայտնել պաշտպաններին՝ Գերագույն դատարան ներկայացված բողոքների համար։

«Բավականին լավ մեկնաբանված բողոք են ներկայացրել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտպանին, որովհետև այնտեղ նշված են այդ բոլոր չարաշահումները հենց օրենքների նկատմամբ։ Նման մոտեցումն իրոք մեծ խիզախության, մարդասիրության և պրոֆեսիոնալիզմի դրսևորում է»,- ասել է նա։

Նա մատնանշել է նաև իրեն առաջադրված մեղադրանքների ժամանակագրության հետ կապված անհամապատասխանություն։ Բաբայանի փոխանցմամբ՝ իրեն մեղադրում են 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 28-ը որոշումներ ընդունող ինչ-որ կառույցի գործունեությանը մասնակցելու համար, մինչդեռ այդ ժամանակահատվածում ինքը դեռ անչափահաս է եղել։

«Ինձ մեղադրում են, թե 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ է ընդունել պատերազմի, խաղաղության մասին։ 1988 թվականի սեպտեմբերը պարզ է՝ 10 տարեկան եմ եղել, միգուցե սա է չափանիշը, իհարկե՝ չակերտներում»,- հեգնել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ այսպիսով մեկնարկել է գործի քննության հաջորդ՝ Գերագույն դատարանի փուլը։ Բաբայանը նշել է, որ այդ գործընթացից ակնկալիքներ չունի, սակայն կարևոր է համարել նաև այդ դատական ատյանն անցնելը՝ հետագայում հնարավոր քայլերի դիմելու համար։

Արցախի նախկին արտգործնախարարը պնդել է նաև, որ իրենց տրամադրված նյութերի 47-րդ հատորը, որն ունի 333 էջ, ընթերցել հնարավոր չէ, թեև, ըստ նրա, հենց այնտեղ է ներկայացված վերաքննիչ ատյանի որոշումների հիմնավորումը։

Ուղերձի ավարտին Բաբայանը հայտարարել է, որ չի հուսահատվում և երախտագիտություն է հայտնել իրենց աջակցող մարդկանց։

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քննվել է առանձնացված վարույթով։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment