Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային աջակցությունը կերկարաձգվի՝ կտրամադրվի 1 մլն դրամ 1 երեխային

ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել և 2027-2031 թվականներին շարունակել երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը։ Այս մասին նշվել է կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նոր նախագծում։

Գործող ծրագիրը հաստատվել էր 2024-2026 թվականների համար, իսկ նոր նախագծով նախատեսվում է ներդնել «Երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման 2027-2031 թվականների պետական աջակցության ծրագիրը»։ Այն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, հայտնում է Factor.am-ը:

Ծրագրի միջոցով նախատեսվում է տրամադրել մեկ միլիոն դրամի չափով միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվելու է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Եթե վարկի մնացորդային մայր գումարը մեկ միլիոն դրամից պակաս լինի, աջակցությունը տրամադրվելու է փաստացի մնացորդի չափով։

Միաժամանակ մեկից ավելի երեխայի, օրինակ՝ երկվորյակների ծննդյան դեպքում մեկ միլիոն դրամ աջակցությունը հաշվարկվելու և տրամադրվելու է միաժամանակ ծնված յուրաքանչյուր երեխայի հաշվով։ Այսպիսով, երկվորյակների դեպքում աջակցության ընդհանուր չափը կազմելու է երկու միլիոն դրամ։

Աջակցության գումարը հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանն ուղղելու դեպքում վարկառուից վաղաժամկետ մարման համար տույժեր չեն գանձվելու։

Ծրագրի շահառու է համարվելու երեխայի այն ծնողը, որը ՀՀ քաղաքացի է, հանդիսանում է հիփոթեքային վարկը մարող վարկառուն և հիփոթեքով ձեռք բերված կամ կառուցվող կամ կառուցված բնակելի անշարժ գույքի սեփականատերը։ Բացի այդ, ծնողն ու երեխան պետք է նույնականացված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ Արտերկրում ծնված երեխայի դեպքում պահանջվելու է, որ երեխան ստացած լինի ՀՀ անձնագիր։

Ծրագրից օգտվելու համար երեխան պետք է ծնված լինի 2027 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ծրագրում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը ներառյալ։

Ձեռք բերված կամ կառուցվող բնակելի գույքի արժեքը՝ ձեռքբերման գինը, գնահատված շուկայական արժեքը կամ կառուցապատման նախահաշվային գինը, չպետք է գերազանցի 40 միլիոն ՀՀ դրամը։

Նախատեսվում է նաև գույքային սահմանափակում։ Ծրագրին դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում շահառուն, իսկ ամուսնացած լինելու դեպքում նաև նրա ամուսինը, տվյալ հիփոթեքային գույքից բացի չպետք է ունենան այլ բնակելի անշարժ գույքի 50 տոկոս և ավելի սեփականության կամ բնակարան գնելու գրանցված իրավունք։

Քաղաքացին հնարավորություն է ունենալու օգտվել այս ծրագրից՝ անկախ նրանից, թե օգտվել է արդյոք բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից։

Երեխայի ծնվելուց հետո քաղաքացին դիմելու է հիփոթեքային վարկը տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։ Լիազոր նախարարության հետ պայմանագիր ունեցող բանկերը համապատասխան տվյալներն ինքնաշխատ ծրագրային համակարգով փոխանցելու են նախարարությանը։

Նախարարության հետ պայմանագիր չունեցող կազմակերպությունների դեպքում քաղաքացուն տրամադրվելու է տեղեկանք, որը վերջինս ներկայացնելու է նախարարություն։

Տվյալները ստանալուց հետո նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ՔԿԱԳ-ից և Կադաստրի կոմիտեից ինքնաշխատ եղանակով ստանալու է անհրաժեշտ տեղեկությունները, կայացնելու է դրական որոշում և աջակցության գումարը փոխանցելու է բանկին՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանն ուղղելու նպատակով։

Leave a comment