Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացնում է Ուկրաինայի շուրջ հակամարտության իրավիճակի մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Տոկաևի առաջարկը սառեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Ամեն անգամ նախագահ Պուտինը հանդիպումներն օգտագործում է, ղազախ գործընկերոջը հատուկ ռազմական գործողության իրադրության վերաբերյալ վերջին տեղեկությունը ներկայացնելու համար»,- մամուլի ճեպազրույցի ընթացքում ասել է Պեսկովը։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերներ են, իսկ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարաբերությունները թույլ են տալիս քննարկել միջազգային օրակարգի ամենաբարդ հարցերը, դրանց թվում՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Նախօրեին՝ սեպտեմբերի 29-ին, Տոկաևը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում սառեցնել ռազմական գործողությունները, որպեսզի անցում կատարվի դիվանագիտական բանակցությունների։ Միաժամանակ նա ընդունել է, որ ներկա պայմաններում պատերազմի անհապաղ դադարեցումը, հավանաբար, իրատեսական չէ։
Տոկաևը հիշեցրել է, որ ավելի վաղ արդեն առաջարկել էր Պուտինին սառեցնել հակամարտությունը։ РБК-ի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահն այն ժամանակ նրան մանրամասն ներկայացրել էր ռազմական գործողությունների ընթացքը և հայտարարել, որ Կիևի դիրքորոշումը հաշվի առնելով՝ հակամարտության սառեցումն անհնար է։