«Եթե ՊԵԿ-ը շատ լավ է աշխատել, եւ պարգեւավճարների ֆոնդն ավելացրել եք, ինչո՞ւ եք քաղաքացիներից անձնական տվյալներ հավաքագրելու»․ աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում երկու ամսով հետաձգեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկումը։ Նշենք, որ այս փաթեթը նախատեսում է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI վերահսկման համակարգի ներդրում, ինչը հանրության շրջանում դժգոհություն է առաջացրել։

Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագիծը կլրամշակվի։

Դավիթ Թադեւոսյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանն ասաց, որ հիմնական խնդիրը, որը գործադիրն ուզում է լուծել այս նախաձեռնությամբ, ստվերի շրջանառության դեմ պայքարն է։

«Եվ այդ տեսակետից երեւի թե անհրաժեշտ է ավելի կիրառելի, ավելի չափելի ու տեխնիկապես հստակ ուրվագծված եզրույթներ նախատեսել օրենքի նախագծում՝ ֆիսկալ խնդրի լուծման համար։ Ես համոզված եմ՝ մյուս տարբերակը, որ ձեզ ներկայացնենք, ավելի հստակ կլինի կիրառելու այն խնդրի լուծման համար, որն օրենքը կոչված է լուծելու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեեւ նախագծի քննարկում որպես այդպիսին տեղի չունեցավ, բայց ընդդիմադիր պատգամավորները մի շարք հարցադրումներ բարձրաձայնեցին։

Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցադրում արեց․ «Օրինակ՝ ստվերն ինչքա՞ն է, ինչի՞ց եք ենթադրել, որ ստվեր կա կամ չկա։ Կամ ձեր «կանտրաբանդան» ինչո՞վ է զբաղվում, որ այդքան ստվեր կա։ Դուք այս հարցերի հետ ընդհանրապես կապ չունեք, հետեւաբար, իմ խնդրանքն է, որ մյուս անգամ նաեւ ՊԵԿ ներկայացուցիչը լինի այստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն ասաց, որ ՊԵԿ-ն ունի ստվերի դեմ պայքարելու ամբողջ գործիքակազմը, չարժե նոր հեծանիվ հայտնաբերել։ «Երբ սմարթֆոններ, հեռախոսներ են ներկրվում, դա մի ողջ ոդիսական է, այսինքն՝ հեռախոսները բացում են, IMEI կոդերը մաքսային ծառայողների ներկայությամբ հայտարարագրվում են, հսկվում են, այսինքն՝ այստեղ խնդիր չունենք։ ԵԱՏՄ հանձնաժողովի թիվ 80 որոշմամբ հեռախոսների մաքսատուրքը սահմանված է 30 տոկոս։ Եվ երբ մենք խոսում ենք ֆիսկալ խնդրի լուծման մասին, ես կարծում եմ՝ ոչ թե շրջանառությունն է վերահսկվում, այլ պետական տուրքերի միջոցով լրացուցիչ հարկային բեռ է սահմանվում մեր հայրենակիցների համար, սա է ամբողջ նպատակը»,- նշեց Ֆարմանյանը։

Հայկ Ֆարմանյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ բարձրաձայնեց ԱԺ պատասխանատվության հարցը ԱԺ հետ հարաբերություններում։ «Տեսեք, հիմա կառավարության կողմից հավանությանն արժանացած նախագիծ եք ներկայացրել, հանձնաժողովում նախագիծը դեռ չքննարկած՝ արդեն հետաձգում եք այդ նախագծի քննարկումը՝ այն համարելով ոչ պատշաճ որակով մշակված նախագիծ։ Ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որպեսզի այդ պատշաճ քննարկումները կազմակերպվեին մինչեւ ԱԺ ներկայացնելը»,- ասաց Ղազարյանը։

Էդգար Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշեց․ «Եթե բուն օրենքի մասին խոսում ենք, մենք հասկանում ենք, որ հիմնական նպատակը ֆիսկալ խնդիրների լուծումն է, բայց ֆիսկալ խնդիրների լուծումը չպետք է լինի քաղաքացիների իրավունքների հաշվին։ Օրենքը պետք է այնպես կառուցված լինի, որպեսզի ցանկացած օրենք մարդու իրավունքների մասով որեւիցե մտավախություն քաղաքացիների մոտ չառաջացնի»։

Նա նշեց, որ ըստ կառավարության՝ ՊԵԿ-ը բավական լավ է աշխատում։

«2025 թվականին պլանով 5,3 մլրդ պարգեւավճար պետք է ստանային, ստացել են 6,6 մլրդ։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ըստ պետության՝ ՊԵԿ-ը շատ-շատ լավ է աշխատել, որ պարգեւավճարների ֆոնդը 20-30 տոկոսով ավելացել է։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե ՊԵԿ-ը լավ է աշխատել, ինչո՞ւ ենք մենք քաղաքացիներին փորձում սահմանափակել կամ ստեղծել օպերատորներից վեր մի կառույց, որն անձնական տվյալներ է հավաքագրելու։ Եվ փաստացի նաեւ որոշակի անվտանգային ֆունկցիաներ է իրականացնելու»,- հավելեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանն էլ իրավական տեսանկյունից ներկայացրեց հարցը եւ ասաց, որ սա նախ հակասահմանադրական նախագիծ է, քանի որ կոպտորեն ոտնահարվում են անձի իրավունքները։ Սա նաեւ Քրեական դատավարության օրենսգրքին է հակասում, եւ հետագա քննարկումներում սա պետք է հաշվի առնել։

Լիաննա Գասպարյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ հարցադրում արեց․ «Այս փաթեթը կարդալով՝ մենք չենք տեսնում պատասխանատվությունը։ Եթե կիբերհարձակումներ լինեն, ապա ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիների անձնական տվյալների համար։ Այդ պատասխանատվության ինստիտուտը չենք տեսնում, ո՞վ է լինելու մեր քաղաքացիների անձնական տվյալների համար պատասխանատուն»։

Արեգա Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքեց հնչեցված մտահոգություններին եւ ասաց, որ այս համակարգը ներդրվում է ոչ թե հարկեր ավելացնելու համար, այլ հավասար դաշտ ապահովելու համար։ «Եվ օրինական դաշտում աշխատող տնտեսվարողների վրա որեւէ հարկային բեռ չի ավելանալու»,- հավելեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment