Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ֆիզիկական անձանց երկրից ավելի քան 1 միլիոն ռուբլի դուրս բերել ԵՏՄ անդամ երկրներ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան), ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար գումարի դուրս բերումն արգելվում է՝ անկախ գումարի չափից։
Արգելքի խախտման դեպքում ավելորդ արժույթը ենթակա է բռնագրավման ֆիզիկական անձանցից, իսկ ամբողջ գումարը՝ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից։
Կառավարությանը և Կենտրոնական բանկին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում հաստատել արտահանվող արժույթի հաշվառման կարգը։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։