ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալի պաշտոնում ընտրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արգիշտի Դարբինյանին, հայտնում է Factor.am-ը:
Դարբինյանը 2010 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժինը։
2008-2021 թվականներին նա աշխատել է «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ում՝ որպես տնտեսագետ։ 2010-2021 թվականներին ղեկավարել է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի «Արգիշտի» հյուրանոց մասնաճյուղը։
2021-2022 թվականներին Դարբինյանը զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի «Աբովյան» ՇԷՑ-ի պետի՝ էներգաիրացման հարցերով տեղակալի պաշտոնը։ 2022-2025 թվականներին եղել է «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» ՇԷՑ-ի պետ։
2025 թվականին նա նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի՝ էներգաիրացման հարցերով տեղակալ, այնուհետև ստանձնել է նույն մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։
2025-2026 թվականներին Դարբինյանն աշխատել է որպես Հայ գործարարների ասոցիացիայի ծրագրերի ղեկավար։
2026 թվականի հունիսի 7-ին նա ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։