Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական կողմի այն հայտարարություններին, թե ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում կառուցված «Firebird AI» արհեստական բանականության գործարանը հետախուզական նշանակություն ունի։
«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է։ Նման գործարանները ենթակառուցվածքային նշանակություն ունեն։ Հարցը կարելի է տեղափոխել հետեւյալ տիրույթ, այո, նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործություն իրականացնելու համար, բայց արդյոք արգելափակենք կամ թույլ չտանք ավտոմեքենաների օգտագործումը»,- ասաց նա։
Նախարարը հավելեց․ «Ցանկացած այդպիսի շահարկում քաղաքականացված է եւ լուրջ չէ։ Ինչ-որ կոնկրետ փաստեր ներկայացրե՞լ են։ Թող ներկայացնեն փաստեր, սիրով նստենք քննարկենք, հասկանանք։ Բայց մինչեւ հիմա շահարկումներ են»։
Անդրադառնալով հարցին, թե որքան ներդրում է արվել գործարանում մինչ այժմ, նախարարն ասաց․ «ԱՄՆ-ն ներդրում չի արել, հայաստանյան բանկերի կոնսորցիում է, այդ փաստի մասին հպարտությամբ պետք է խոսել։ Որպեսզի սխալ թիվ չասեմ, կճշտեմ, կասեմ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: