«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել թաղամասում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով գրանցված դժբախտ պատահարի առնչությամբ՝ նշելով, որ մահացած անձինք ընկերության աշխատակիցներ չեն և դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում:
Դեպքը տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ:
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը հանդիսանում է Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատողը, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ:
Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը:
Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ Դեֆանս Հաուզինգը հայտնում է, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ:
Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Դեֆանս Հաուզինգը» հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Մահացել է 3 մարդ, որոնցից 2-ն Իրանի քաղաքացի է, 1-ը` Հայաստանի: