«Հրապարակ». Քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը համամասնական ընտրություններ անցկացնող համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։
Կուսակցական սկզբունքով ընտրություններ կանցկացվեն Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։
Իջևանում ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանն է, որը, ըստ իջևանցիների, 5 տարի ոչինչ չի արել Իջևանը բարեկարգելու համար, իսկ ընտրություններից մի քանի ամիս առաջ մարդկանց աչքին թոզ փչելու համար սկսել է վերելակներ փոխել, բազմաբնակարան շենքերը կոսմետիկ նորոգել: Տեղեկացանք, որ Ճաղարյանը փոխանակ իջևանցիներին բարեկարգ քաղաք, ասֆալտապատ փողոցներ, կանոնավոր աշխատող տրանսպորտ և միջավայր խոստանա, որոշել է որպես իր նախընտրական կարգախոս ընտրել «խաղաղության» թեման՝ իր շեֆի` Նիկոլ Փաշինյանի ոճով: Ճաղարյանի նախընտրական կարգախոսն է` «Հանուն խաղաղ զարգացման»»։