«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացվեն

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացնի Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակում ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ։

Լսումները կանցկացվեն ժամը 15:00-17:00-ը՝ Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենքում՝ Արգիշտի 1 հասցեում։

Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացվելու են ծրագրի մանրամասները, որոշման նախագիծը, դրա իրականացման հետագա ընթացակարգերն ու մեխանիզմները, ինչպես նաև փոխհատուցումների կարգավորումները։

Մասնակիցներին կներկայացվեն նաև դիմումների և հետադարձ կապի մեխանիզմները։ Նրանք հնարավորություն կունենան հարցեր ուղղելու, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացնելու։

Հանրային լսումներին կարող են մասնակցել ծրագրի ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերը, գույքային իրավունք ունեցող անձինք և այլ շահագրգիռ անձինք։

Leave a comment