ՌԴ-ում արգելել են կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

«Ֆիզիկական անձանց դեպքում արգելվում է 1 մլն ռուբլին գերազանցող գումար դուրս բերել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ամբողջական արգելք է սահմանվում` անկախ գումարի չափից», – ասվում է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ 1 մլն ռուբլին գերազանցող գումար կարելի է դուրս բերել ՌԴ կառավարության կողմից հաստատված օդանավակայաններով՝ ամբողջ գումարի վերաբերյալ բանկային քաղվածքների առկայության դեպքում:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք գումարը, և սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։

Sputnik Արմենիա

Leave a comment