Հոկտեմբերի 5-ից արտերկրում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայության ժամանակավոր դադարեցումից հետո հնարավորինս արդյունավետ և օպերատիվ կվերազինվեն հյուպատոսական ծառայությունները, որից հետո հյուպատոսական ծառայություններում կընդունվեն ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա: Այդ մասին ասել է ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, հայտնում է Արմենպրեսը:
«Քանի որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքը, որը ենթադրում է, որ մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին և այլևս հին նմուշի փաստաթուղթ չպետք է արտադրվի, առժամանակ ստիպված ենք դադարեցնել ծառայությունների մատուցումը Հայաստանից դուրս՝ ստանձնելով հանձնառություն հնարավորինս արդյունավետ և օպերատիվ տարբերակով վերազինել հյուպատոսական ծառայությունները:
Հայաստանից դուրս ծառայությունների մատուցման կազմակերպումը կլինի փուլային տարբերակով. պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կնքված պայմանագիրը ենթադրում է, որ Հայաստանում ծառայությունների մեկնարկից հետո 3 ամսվա ընթացքում կվերազինվեն նաև հյուպատոսական ծառայությունները: Վերազինումից հետո հյուպատոսական ծառայություններում ընդունվելու են ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա»,- նշել է Դավթյանը:
Քանի որ հոկտեմբերի 5-ից դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունը չի գործելու, Նելլի Դավթյանը արտերկրում երկարաժամկետ բնակվող քաղաքացիներին կոչ է անում անհարմարություններից խուսափելու համար անձը հաստատող նոր փաստաթուղթ ձեռք բերելու գործընթացը սկսել առաջիկա օրերի ընթացքում, դիմել մոտակա հյուպատոսարաններ, որպեսզի մինչև նոյեմբերի 1-ը հնարավոր լինի դրանք տպել և հասցնել քաղաքացիներին:
«Բոլոր անձինք, ովքեր տեսնում են, որ իրենց անձնագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամիսներին և ունեն ճանապարհորդելու մտադրություն, ցանկալի է հիմա փոխարինեն անձնագիրը, որ ստիպված չլինեն վերադարձի վկայականով գալ Հայաստան և այստեղ դիմել անձնագրի փոխանակման համար, բայց, եթե անձինք առաջիկա ամիսների համար չունեն պլանավորած սահմանահատումներ կամ անձնագիրը դեռ վավեր է ավելի քան 4 ամիս, ապա կարիք չկա հիմա դա փոխարինելու: Ես խորհուրդ կտայի տվյալ պարագայում մեր հայրենակիցները սպասեն և միանգամից նոր կենսաչափական փաստաթուղթ ձեռք բերեն»,- ասել է Դավթյանը:
2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: