ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կարող է Եվրոպայում դրա գների կտրուկ աճի հանգեցնել։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։
Բրիտանական վերլուծական Argus Media ընկերության եվրոպական գնագոյացման բաժնի ղեկավար Բենեդիկտ Ջորջի կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները կհանգեցնեն նրան, որ Եվրոպայում այս տեսակի վառելիքի գինը կբարձրանա «նոր, աննախադեպ մակարդակի»։ Դա պայմանավորված է նրանով, որ վերջին մի քանի ամիսներին դիզելային վառելիքի մատակարարումների մոտ կեսը Եվրոպա հասել է ԱՄՆ-ից։
«Շատ կարևոր է հասկանալ, որ այս պահին որևէ միջոց դեռ չի ձեռնարկվել, և պարզ չէ՝ արդյոք դրանք ընդհանրապես կկիրառվեն, և եթե այո, ապա ինչ ձևով», – CNBC-ին տված մեկնաբանությունում հավելել է նա։
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ եվրոպացի նավթային թրեյդերների մեծ մասը կասկածում է, որ Վաշինգտոնը նման քայլի կգնա։ Պատճառն այն է, որ արգելքը լուրջ խնդիրներ կստեղծի ամերիկյան նավթային ընկերությունների համար։
«Մենք չգիտենք՝ ԱՄՆ-ն որևէ սահմանափակում կսահմանի, թե ոչ, սակայն կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այս թեմայով որևէ կերպ արտահայտվել են, խոսել են առավելագույնը երկու-երեք ամիս տևող կարճաժամկետ միջոցների մասին», – հայտարարել է Ջորջը։
Հիշեցնենք՝ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ինքը և իր վարչակազմը լրջորեն ուսումնասիրում են դիզելային վառելիքի արտահանման արգելքի հնարավորությունը և չէր բացառել, որ նման որոշում կարող է ընդունվել։