Ունենք կառուցողական համագործակցություն. Լիխաչովը՝ ՀՀ էներգետիկ ոլորտի մասին

Բաժանորդագրվել

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ–ի 2–որդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։

«Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները»,– նշել են կառավարությունից։

Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։

««Ռոսատոմի» գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ալեքսեյ Լիխաչովն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Այսօր նախատեսված է նաև երկկողմ քննարկում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Leave a comment