ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽԽՎ ընտրություններին վերաբերող զեկույցին, հայտարարել է, որ չէի գերագնահատի առկա քննադատությունները: Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր լիաքում:
Նրա գնահատմամբ՝ մի քանի փաստական արձանագրումներից բացի, ընդդիմությունը զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու համար շատ հիմնավոր պատճառներ չունի։
«Այո՛, ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ զեկույցում ևս արձանագրված են։ Բայց եթե առանձնացնենք իսկապես էական շեշտադրումները, ես ուշադրություն կդարձնեի հետևյալին։
1.Առաջինը՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Ընդ որում՝ այստեղ խոսքը ընտրությունների արդյունքները կեղծված լինելու մասին չէ։ Հարցը ներկայացվում է կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։
2.Մյուսը` զեկույցում ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգություններն են՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։
Մնացածի մասով՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ և ղեկավար` տարբեր երկրների վերաբերյալ մոնիտորինգային քննարկումներին և զեկույցների ձևավորման գործընթացներին մասնակցելու իմ փորձառությունից ելնելով կարող եմ ասել, որ վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նման հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։
Հետևաբար ես դրանք չէի գերագնահատի։ Մնացածն ամբողջությամբ իշխանական արձանագրումներին համախոհ պնդումներ են արտաքին ճնշումներից մինչև ընտրակաշառք»,-գրել է ԱԺ նախկին փոխնախագահը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր: