երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանը պատմել է, որ վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ սպառնացել է իրեն թևից բռնել և «դուրս շպրտել», երբ վերջինս փորձել է արձագանքել թաղապետի դիտողություններին, հայտնում է «Ազատությունը»:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին՝ թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը։ Սաշա Կատվալյանի նշանակումից դեռ երեք ամիս չի անցել, սակայն «Ազատությունը» թաղապետարանի պաշտոնյաներից արդեն երկրորդ ահազանգն է ստացել ՔՊ-ական պաշտոնյայի վարքի և քայլերի վերաբերյալ։
Ընդ որում, սա Լիանա Դավթյանի և Կատվալյանի առաջին հանդիպումն է եղել։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Դավթյանն արձագանքել է աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին և փորձել բացատրություններ ներկայացնել։ Դավթյանի խոսքով՝ դրանից հետո ՔՊ-ական պաշտոնյան բորբոքվել է։
«Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասեցի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում», – պատմել է Դավթյանը:
Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետն անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարություն՝ ներկայացնելով ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքն ու խոսքերը։ Դեռևս արձագանք չի եղել։ Լիանա Դավթյանը ենթադրել է, որ թաղապետը ցանկանում է իրենից ազատվել՝ նկատողությունների համար հիմքեր ստեղծելով կամ այնպիսի մթնոլորտ ձևավորելով, որ ինքն աշխատանքից հեռանա սեփական դիմումով։ Առավել ևս, որ Կատվալյանը նախկինում արդեն փորձել է դա անել, սակայն դատարանում պարտվել է։
Տիգրան Ավինյանի նախկին խորհրդականը մի քանի ամիս այս համայնքը ղեկավարել է նաև 2022 թվականին, և այդ շրջանում մամուլում նրա անունը շրջանառվել է կադրային ջարդի մասին հրապարակումներում։ Լիանա Դավթյանի խոսքով՝ այդ ժամանակ ևս իրեն հորդորել են դիմում գրել և հեռանալ:
«Ասեցի՝ ես որպես համայքնային ծառայող չեմ պատրաստվում դիմում գրել»,-ասել է նա:
Դրանից հետո նրան ազատել են աշխատանքից, սակայն դատարանը ՔՊ-ական թաղապետի որոշումն ապօրինի է ճանաչել։ Այս տարվա հունվարից Լիանա Դավթյանը վերականգնվել է պաշտոնում և ստացել 11 միլիոն դրամ փոխհատուցում։ Հուլիսին, երբ Կատվալյանը կրկին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, Դավթյանն արձակուրդում է եղել։ Նրա վերադարձին չեն սպասել, աշխատասենյակը դատարկել են և նրան տեղավորել կրթության ընդհանուր բաժնում։
«Աշխատակազմի քարտուղարը դուրս եկավ ասեց՝ «ընդհանուրի հետ եք նստելու»,-հայտնել է նա:
Դավթյանի խոսքով՝ իրեն նույնիսկ արգելել են մեքենան կայանել աշխատակազմի համար նախատեսված տարածքում։ Թաղապետի հետ առաջին հանդիպման ընթացքում էլ տեղի է ունեցել նշված միջադեպը։ Նա հարցը դիտարկել է նաև համայնքային ծառայողների պաշտպանվածության տեսանկյունից:
«Խնդիրը գիտե՞ք, որն է, որ համայնքային ծառայողը պաշտպանված լինի մեր երկրում՝ անկախ պաշտոնատար անձի քմահաճույքից: Անձնական խնդիրներից»,-ասել է նա:
Լիանա Դավթյանը հայտնել է, որ այս անգամ ևս դատարան կդիմի, եթե թաղապետը գործնական քայլերի անցնի։
Կատվալյանը պահանջել է հարցերը գրավոր ուղարկել և պատասխանել է չորրորդ օրը։ Նա հերքել է, որ աշխատակցի արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է արել։
«Վարչական շրջանի ղեկավարի կողմից որևէ ոչ կոռեկտ, վիրավորական կամ աշխատակցի արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն չի հնչել, նկարագրված հանգամանքներն ամբողջությամբ անհիմն են, իրականությանը չհամապատասխանող և աղավաղված: Բոլոր քննարկումներն ընթացել են բացառապես աշխատանքային պահանջկոտության, ծառայողական կարգապահության և պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման ապահովման շրջանակներում», – պատասխանել է նա:
Սաշա Կատվալյանը կրթության բաժնի պետին մեղադրել է կարգապահական կանոնների խախտման և լիազորությունների կատարման հարցում թերանալու մեջ։ Որպես օրինակ նշվել է սեպտեմբերի 1-ի միջոցառումը, որը, ըստ նրա, տապալվել է կրթության բաժնի պատճառով։ Միջոցառման գնման հայտը մերժվել է սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու պատճառով։ Լիանա Դավթյանն իր հերթին հակադարձել է, որ այդ միջոցառման տեխնիկական բնութագիրը հենց Կատվալյանն է ստորագրել և ընթացք տվել, այսինքն՝ որևէ խնդիր չի տեսել։
Մեկ ամիս առաջ թաղապետարանի ընդհանուր բաժնի պետը ևս ահազանգել էր, որ Կատվալյանն իրեն ապօրինի աշխատանքից ազատելու գործընթաց է սկսել։ Նշանակվելուց հետո նա Նվարդ Նազարեթյանին հորդորել է սեփական դիմումով հեռանալ։ Վերջինս հրաժարվել է, որից հետո նկատողություն է ստացել։
Նազարեթյանը ևս դիմել է Տարածքային կառավարման նախարարություն՝ խնդրելով պարզել, թե որքանով է հիմնավոր թաղապետի նկատողությունը, որը ստացել է սեփական դիմումով հեռանալու նրա հրահանգը չկատարելուց հետո։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը «Ազատության» գրավոր հարցումը ստանալուց հետո Լիանա Դավթյանին խիստ նկատողություն է տվել պարտականությունների կատարման հարցում թերանալու համար և միայն դրանից հետո պատասխանել հարցերին։ Կատվալյանը պնդել է, որ կրթության բաժնի պետի հետ կապված միջադեպը հաշվեհարդար չէ, այլ պայմանավորված է նրա աշխատանքից ունեցած դժգոհությամբ։