ԱՄՆ երկու սենատորներ, որոնք հանդես են գալիս Միացյալ Նահանգներում չինական ավտոմեքենաների մշտական օրենսդրական արգելք սահմանելու օգտին, համաձայնել են մինչև հաջորդ շաբաթ հետաձգել օրինագիծը Սենատում արագացված ընթացակարգով անցկացնելու փորձը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ ժամանակը նրանք նախատեսում են օգտագործել այն սենատորի հետ բանակցելու համար, որի առարկությունները մինչ այժմ խոչընդոտում են նախաձեռնության հաստատմանը։
Ինչպես գրում է լրատվական գործակալությունը, հանրապետական Բերնի Մորենոն և դեմոկրատ Էլիսա Սլոթկինն այժմ բանակցություններ են վարում հանրապետական Ռենդ Փոլի հետ, որը նախկինում մտահոգություններ էր հայտնել օրինագծի վերաբերյալ:
Մորենոն հայտարարել է, որ հույս ունի հաջորդ շաբաթ ստանալ օրինագծի հավանությունը, ինչպես նաև նոյեմբերին աշխատանքի վերադառնալուց հետո Ներկայացուցիչների պալատի կողմից նմանատիպ փաստաթղթի ընդունումը:
Մորենոյի խոսքով՝ Չինաստանը գրեթե չորս անգամ ավելի շատ ավտոմեքենա է արտադրում, քան ԱՄՆ-ն։ Նա հավելել է, որ Կոնգրեսը պետք է ապահովի, որպեսզի ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հարյուր հազարավոր աշխատատեղեր վտանգի տակ չհայտնվեն չինական ավտոարտադրողների «լիակատար գերիշխանության» պատճառով։
Ինչպես հիշեցնում է Reuters-ը, նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2025 թվականի սկզբին սահմանված կանոնակարգը փաստացի արգելեց չինական ավտոարտադրողներին ԱՄՆ-ում մարդատար ավտոմեքենաներ վաճառել կամ արտադրել՝ կապված այն մտահոգությունների հետ, որ նման մեքենաները կարող են վարորդների մասին գաղտնի տվյալներ փոխանցել Չինաստան։ Բացի այդ, Վաշինգտոնը չինական էլեկտրամոբիլների նկատմամբ պահպանում է ավելի քան 100% մաքսատուրքեր։
Ավելի վաղ սենատոր Թեդ Քրուզը հայտարարել էր, որ օրինագիծը կարգելի ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը այն ընկերություններին, որոնց ավելի քան 15%-ը պատկանում է չինական կառույցներին։ Reuters-ը նշում է, որ արգելքը կարող է տարածվել նաև Mercedes-Benz-ի վրա, քանի որ ընկերությունում չինացի ներդրողների մասնաբաժինը գրեթե 20% է։
Հոդվածի համաձայն՝ օրինագիծը, որին աջակցում է 51 սենատոր, արգելքը կամրագրի օրենսդրական մակարդակով և Սպիտակ տանը թույլ չի տա չինացի արտադրողներին ԱՄՆ-ում ավտոմեքենաներ վաճառելու թույլտվություն տրամադրել։