Մելիքյանը դժգոհել է Չեռնոգորիայի դեմ խաղի մրցավարությունից (PAN.am)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում, անդրադառնալով Չեռնոգորիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, դժգոհել է մրցավարությունից:

Չեռնոգորիայից կրած պարտության պատասխանատվությունը , մարզիչը համարում է իրենը, հայտնում է Արմենպրեսը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն՝ զիջելով 2:3 հաշվով:

«Ես դժգոհ եմ մրցավարների աշխատանքից: Այս խաղի համար ունեինք Ա ու Բ պլաններ: Առաջին կեսում գործեցինք Ա պլանով, իսկ երկրորդ կեսում` Բ պլանով: Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վստահ եմ, որ այս թիմն ապագա ունի, տղաները շատ նվիրված են հավաքականին: Ֆուտբոլիստների նվիրվածությունը մեզ լավ ապագա է խոստանում»,-ասել է նա:

Նրա խոսքով` այժմ հավաքականը ֆուտբոլիստների պակաս ունի, քանի որ մի խումբ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն:

Խոսելով դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի մասին` Մելիքյանն ընդգծել է, որ նա նվիրված ու հավասարակշռված ֆուտբոլիստ է:

ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց»:

Մարզիչն ընդգծել է, որ Կիպրոսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը պետք է գործի նույն կերպ, ինչ այս խաղում:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ, իսկ երեք օր անց ուժերն է չափելու Չեռնոգորիայի հետ։

Leave a comment